
Արարատի մարզի Դարակերտ գյուղի 42-ամյա ինքնասպան եղած բնակիչը հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը, ում փոխանցմամբ հանգուցյալը վերջին 5 օրերին տան անդամներին ասել է, թե ընդունել է իր հոգեմետ հանգստացնող դեղերը, սակայն իրականում չի ընդունել: Գյուղապետի կարծիքով` հաբերը չընդունելու հետևանքով է բնակիչն իրեն կախել ծառից:
Գյուղապետը հայտնեց նաև, որ ինքնասպան եղած Արմենն ամուսնացած էր և ուներ երկու անչափահաս երեխա, որոնցից մեկն այս տարի կավարտի ավագ դպրոցը:
«Հոգեկան շեղում ուներ, բավականին ժամանակ բուժվեց, նորմալ էր: Երևանում էր աշխատում, Տեցի կրուգում ինչ-որ գործարան կա, կռունկի վրա էր աշխատում: Աշխատավարձով ապահովված մարդ էր` ամսեկան տուն 300 հազար դրամ է մտնում: Ե՛վ կինն է աշխատում, և՛ մայրը»,- ասաց գյուղապետը:
Տաթև Հարությունյան