ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վահրամ Ավանեսյանն այլևս չի զբաղեցնում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Armlur.am-ը կներկայացնի նորանշանակ նախարարին:
Ճշմարիտյանը ծնվել է 1959թ. սեպտեմբերի 12-ին Երեւանում: 1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտական ֆակուլտետը, 1985թ.` ասպիրանտուրան: Մասնագիտությամբ տնտեսագետ է: 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980թ.` աշխատելով ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմավորման գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ:
1985-1990թթ.` Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում` որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ գլխավոր մասնագետ, ապա ֆինանսական ենթաբաժնի պետ, 1990-1991թթ.` ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորումում` գլխավոր տնօրենի տեղակալ:
1991-1993թթ. գլխավորել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: 1993-1996թթ. եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ, 1996-1997թթ.` ՀՀ առեւտրի սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետ, 1997-1998թթ.` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ, 1999-2002թթ.` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի, իսկ 2002-2007թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ճշմարիտյանի ունեցվածքում վերջին տարիներին նվազման միտում է դիտվում: Մասնավորապես, դեռևս 2012թ. ներկայացված ունեցվածքի հայտարարագրում դրամական միջոցներ բաժնում նշված էր մոտ 3 մլն-ից ավել գումար, որը սակայն գնալով նվազել է:
Վերջին հայտարարագրում, որը ներկայացվել է այս տարվա փետրվարին, նրա դրամական միջոցներ բաժնում նշված է 1,115,000 դրամ: Բնականաբար, սա իր ամբողջ գումարը չէ: Նա ունի նաև 37.000 եվրո և 1500 դոլար: Նշենք, որ Ճշմարիտյանի դոլարով եկամուտը նույնպես նվազել է: 2013-ի սկզբին այն կազմում էր 11.000 դոլար:
Սակայն մեծ թիվ է կազմում նորանշանակ նախարարի ստացած եկամուտը: Ընդհանուր առմամբ, նա 2013 թվականին ստացել է 14.440.687 դրամ եկամուտ, որը հիմնականում գոյացել է աշխատավարձերից, ստացված փոխառություններից և շահաբաժնից: Աշխատավարձերից ստացված եկամուտները մի դեպքում կազմել են 3 մլն, իսկ մյուս դեպքում` 1 մլն-ից ավել: Շահաբաժինը եղել է 2.927.050 դրամ, իսկ ստացված փոխառությունները 7 մլն: