«Կամ վարչապետը կբացահայտի Տ. Սարգսյանի արածները, կամ կդառնա մահապարտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումներին, նորանշանակ վարչապետին և  այլ կարևորություն ներկայացնող հարցերի:

Քոչարյանի արված  դիտարկումների մասին Armlur.am-ը զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, թե ներկայիս իրավիճակում սահմանադրական բարեփոխումներն այնքան էլ անհրաժեշտ չեն: Համաձա՞յն եք նրա  դիտարկումների հետ:

-Ես համաձայն եմ երկրորդ նախագահի հետ, որ Հայաստանում հիմա սահմանադրական բարեփոխումների խնդիր չկա: Ոչ հասարակության մոտ նման պահանջ կա, ոչ սահմանադրական ճգնաժամ կա Հայաստանում: Դա ինքնանպատակ է և ընդամենը գործող նախագահը վերարտադրության մեխանիզմներ է փնտրում և փորձում է այդ ձևով վերարտադրվել:

-Այսինքն, դուք նաև համաձա՞յն եք երկրորդ նախագահի այն դիտարկման հետ, թե սահմանադրական բարեփոխումների անրաժեշտության մասին իշխանությունների բացատրություններն անհիմն են ու հեղհեղուկ:

-Իրոք անհիմն են: Ես համաձայն եմ երկրորդ նախագահի հետ: Ես չեմ գտնում, թե Սահմանադրությունն է մեղավոր, որ Հայաստանում այս վիճակն է տիրում, որ իշխանությունները զբաղված են գումար աշխատելով, պարտքերը եռապատկվել են, իսկ աղքատությունն էլ ավելացել: Սահմանադրությունը չի խոչընդոտում երկրի զարգացմանը:

-Երկրորդ նախագահը նշել էր, թե  նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանր ժառանգություն է ստացել: Համաձա՞յն եք իր հետ:

-Իհարկե, կամ Հովիկ Աբրահամյանը պետք է բացահայտի Տիգրան Սարգսյանի չարաշահումները, կամ Հովիկ Աբրահամյանը դառնում է մահապարտ: Այսինքն էն ժառանգությունը, որ ինքը ստացել է այդքան ծանր, իր համար դժվարություններ կստեղծի: Ակնհայտ է, որ նախագահն էլ պաշտպանում է նախկին վարչապետին: Այսինքն, նախագահը կարծես թե թույլ չի տալիս անդրադառնալ այդ հարցերին: Սակայն դա հնարավոր չէ: Պետք է նայել այդ կերածները, այդ օֆշորները, այդ ամեն ինչի համար էր,  ո՞վ պետք է պատասխան տա:

-Հովիկ Աբրահամյանն ակտիվորեն հանդիպումներ է ունենում և փորձում է լուծել առկա խնդիրները: Դուք սա դրական չե՞ք համարում:

-Հիմա ինչ-որ քայլեր արվում են, բայց ես չեմ գտնում, որ գերակա   քայլերը դրանք են: Առաջին հերթին Հովիկ Աբրահամյանը պետք է  անդրադառնա այդ չարաշահումներին, բյուջեի այդ դատարկ լինելուն, մնացած այն բոլոր «քաջագործություններին», որը արել է Տիգրան Սարգսյանը: Մնացածը, թե որքան կհաջողվի, չեմ կարող ասել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս