«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը յուրօրինակ փոքր վոյաժ է իրականացրել Մաքսային միության երկրներում, ավելի շուտ երկրների, այսպես ասած, երկու-երրորդում՝ Բելառուսում եւ Ռուսաստանում: Նալբանդյանը ապրիլի 19-ին Ռուսաստանում Լավրովի հետ է հանդիպել, իսկ հետո էլ մեկնել է Մինսկ եւ հանդիպել Բելառուսի արտգործնախարարին եւ Լուկաշենկոյին: Հետաքրքրական է այն, որ Նալբանդյանին հրավիրել էին Բելառուսից եւ չի բացառվում, որ այնտեղ մեկնելուց առաջ նա Լավրովից ցուցումներ է ստացել, թե ինչ պետք է ասել Մինսկում:
Սակայն կար մի բան, որ արժանապատիվ երկրի արտաքին գործերի արժանապատիվ նախարարը պետք է ասեր հենց Լավրովին: Այդ նախարարը պետք է Լավրովին ասեր, որ մի քիչ ձգեին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի լեզուն, որը օրեր առաջ Երեւանում հայտարարել էր, որ եթե տեսնեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, ապա կմիջամտեն եւ թույլ չեն տա նման բան:
Այսինքն` Հայաստանում ՌԴ դեսպանն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ Ռուսաստանը կորոշի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտում են, թե ոչ, եւ ըստ այդմ` ինքն էլ կմիջամտի: Այսինքն` սա ոչ այլ ինչ է, քան հայտարարություն, որ Ռուսաստանը Հայաստանում էլ ցանկացած պահի ռազմական օպերացիա կիրականացնի, եթե հարկ համարի, եւ Հայաստանի իշխանությունների կարծիքը նրան չի հետաքրքրում:
Եվ ահա, նման հայտարարություններից հետո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի նախարարը միայն մի պատճառ կարող էր ունենալ՝ ասել, որ ձգեն դեսպանի լեզուն, եւ որ նա այլեւս իրեն թույլ չտա Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններ անել: Սակայն որեւէ տեղեկություն չկա, որ Նալբանդյանը Լավրովին նման բան ասած լիներ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: