«Առավոտ» թերթը գրում է.
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ։ Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»։ Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից։
«Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20 տարվա այս կամ այն ժամանակահատվածում զբաղվել են թալանով և միլիոնատեր դարձել։ Մի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հեծնելու են «պոպուլիստական ձիուկները», և ոչ ոք չի ցանկանա բացատրություն տալ՝ եթե ամեն ինչ իրոք այդքան վատ է, ես ի՞նչ եմ արել, որ այս վիճակը չստեղծվի։ Ժողովրդին դար եկող ճառեր արտասանելը բոլորն են սովորել, չնայած միևնույն է՝ ոչ ոք 90-ականների Արշակ Սադոյանին չի գերազանցի։ Թե հիմա և թե, բնականաբար, ընտրությունների ժամանակ, չկան և չեն լինի իրավիճակի սթափ, սառը գնահատականներ, որոնք չեն կարող լինել միայն հասարակական բողոքների արտացոլումը։
Պակասում է նաև առաջնայինի և երկրորդականի հստակ բաժանումը։ Պարզ է, որ կուտակայինի, արագաչափերի և «կարմիր գծերի» թեմաներով ավելի հեշտ է մարդկանց գրգռել։ Ղարաբաղի հարցը, Մաքսային միությունը, արդար ընտրությունները պակաս «ժողովրդահաճո» թեմաներ են»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։