Նախագծի ընդունումը միտված է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության զարգացմանը՝ այն դարձնելով առավել մրցունակ, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող: Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը ներգրավվել միջազգային գնահատման շուկայում եւ ստեղծել այնպիսի համակարգ, որն ապահովում է բարձր որակի, վստահելի եւ ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ներկայացմամբ առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով սահմանվում են նոր հասկացություններ, որոնք անհրաժեշտ են իրավական հստակություն ապահովելու համար: Նախատեսվում է գնահատման գործունեության իրականացում նաեւ ծառայություններ մատուցողների միջոցով, ինչը կնպաստի շուկայի մասնագիտական ներուժի եւ մատուցվող ծառայությունների բազմազանության ընդլայնմանը:
Հիմնական զեկուցողի խոսքով նախագծով մեծ հնարավորություններ են ստեղծվում ՀՀ-ի կողմից որակավորում ստացած անձանց համար՝ իրենց գործունեությունն ընդլայնելու եւ ծավալելու նաեւ ՀՀ տարածքից դուրս:
Նանե Ղազարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ ՀՀ կողմից որակավորված անձանց համար սահմանված չափորոշիչներն ավելի խստացնելուն միտված կարգավորումների վերաբերյալ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:























