«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի իրեն ամրակցված 17 միավոր տրանսպորտային միջոց։ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությանն է ներկայացրել դասական աճուրդ կայացնելու նախագիծը՝ այսօրվա նիստում քննարկելու համար։ Օտարվող մեքենաների մեծ մասը ԳԱԶ մակնիշի են՝ ԳԱԶ-3110, ԳԱԶ-3102՝ ամենահինը 1987 թ. արտադրության։ Գերակշռում են 1999 եւ 2003 թթ. արտադրության մեքենաները։ Վաճառքի են հանվել նաեւ 1 հատ «Միցուբիշի Գալանտ» եւ 2 «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ։ 17 միավոր ավտոմեքենայի ընդհանուր արժեքը գնահատվել է 23 միլիոն 21 հազար դրամ։
Մեծ քանակի գույք օտարել է պատրաստվում նաեւ ԱՎԾ-ն։ Խոսքը էլեկտրոնային սարքերի եւ կահույքի մասին է։ 227 միավոր գույքի մեկնարկային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 540 հազար 800 դրամ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: