ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում կա «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։
Նախագծի համաձայն՝ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1537-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման իրականացման արդյունքում առաջացող պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Վայոց ձորի մարզից 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մթերված ամբողջ ծավալի համար պետք է տրամադրվի սուբսիդավորում 1 կիլոգրամի համար 70 դրամի չափով։
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը կազմում է 143,025.4 հազար ՀՀ դրամ։
Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան Վայոց ձորի մարզի պայմանագիր չունեցող խաղողագործների հետ կնքել Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագիր և մթերել շուրջ 2043.22 տոննա խաղող՝ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով, որով կլուծվի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման հետ կապված խնդիրը։
Էմմա Միքայելյան























































































