Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը բաց նամակ է հղել թուրք ժողովրդին՝ ներկայացնելով Ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը:
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթում տպագրված նամակի սկզբում Սերժ Թանկյանը գրել է, որ ինքը ծնվել է Բեյրութում, սակայն իր հորական պապը ծնվել է Կեսարիայում, տատը՝ Թոքաթում, իսկ մորական կողմի պապն ու տատը՝ Դորթյուլում և Ուրֆայում:
Սերժ Թանկյանը գրել է, թե իր պապերն իրենց ցանկությամբ չեն հեռացել հայրենի հողերից, այլ երիտթուրքերի իրականացրած սարսափելի ցեղասպանության հետևանքով փրկվել են:
Թանկյանը նկարագրում է իր պապերի ու տատերի դաժան պատմությունը՝ շեշտում է, որ դրանք հեքիաթներ չեն, այլ՝ իրական պատմություններ, որոնք վերցվել են արխիվներից:
«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, իմ մաղթանքն է, որ իրականում կարողանաք գտնել ձեզ»,-ամփոփել է Սերժ Թանկյանը: