ԱԺ-ն քննարկում է երթևեկության կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ԱԺ-ում ընթանում է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների  կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով նիստ, որին ներկա են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց այսօրվա նիստի ընթացակարգը և նշեց, թե ելույթ ունեցողներին հարցեր տալու հնարավորություն չի լինելու:

Այս որոշումը զարմանք առաջացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մոտ, ով նշեց, թե եթե հարցեր չեն լինելու, նիստի իմաստը որն է: Դրան ի պատասխան՝ Նահապետյանը նշեց, թե հարցերը նախօրոք գրավոր ձևով են ներկայացվել, իսկ մյուս դիտարկումները կարող են արվել ելույթի ընթացքում:

Նիստի ընթացքում առաջինը ելույթ ունեցավ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ով ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է առաջարկում նշված ոլորտում:

Ըստ նրա՝ միշտ չէ որ տուգանքն այն միջոցն է, որը ճիշտ արդյունքի է բերում: Նրա խոսքով՝ պատասխանատվության միջոցները պետք է  ընդլայնվեն, որպեսզի լինի և՛ տուգանք, և՛ զգուշացում:

«Հաջորդ խնդիրը սահմանված ժամկետում տուգանքները չմուծելու դեպքում եռապատկումը կամ կրկնապատկումն է: Միջազգային պրակտիկայում այս մոդելը նույնպես տարածված է: Սակայն սա որպես խնդիր եմ ներկայացնում, որպեսզի տեսնենք, թե այս առումով ինչ կարող ենք անել: Պետք է  ունենանք արդյունավետ մեխանիզմ, որպեսզի այս տուգանքները ժամանակին վճարվեն: Օրինակ, ճիշտ կլինի ուշացման դեպքում վարորդական իրավունքից զրկել, այլ ոչ թե տուգանքը կրկնապատկել», – նշեց նա:




Լրահոս