Երեկ ՀԾԿՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները, մինչեւ պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի՝ ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։
Բանն այն է, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման այն չորսամսյա ժամկետը, որի համար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարիչ։ Իսկ «Էներգետիկայի մասին» օրենքով, լիցենցիայից զրկելու դեպքում, ժամանակավոր կառավարիչը շարունակում է գործել՝ մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը։
«Ժողովուրդ» օրաթերթին կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Պետրոսյանին հորդորել է չլքել ՀԷՑ-ը, մինչեւ բանակցությունների միջոցով նոր գնորդների «կգտնեն»:
Իսկ ՀԷՑ-ը նախօրեին փաստացի զրկվել է լիցենզիայից, եւ իրավիճակը պահանջում է շարունակական կառավարում։ Մինչեւ գործադիրը բանակցի հնարավոր գնորդների հետ, եւ մինչեւ որոշում կայացվի, թե ով է ձեռք բերելու ընկերությունը, Պետրոսյանն է շարունակելու ղեկավարել գործընթացը։ Դա կարող է տեւել երեք ամիս, իսկ եթե կառավորությունը արագ «գտնի» գնորդին, արդեն նոր կառավարիչ կարող է նշանակվել: Բայց Պետրոսյանը պետք է մինչեւ վերջ իրականացնի ՀԷՑ-ի շուրջ ընթացող պրոցեսը, եւ միայն դրանից հետո հեռանա պաշտոնից։
Նոր լիցենզիայի ստացման նախապատրաստական փուլն ու գնորդի հետ բանակցությունները նույնպես պետք է անցկացնի Ռոմանոս Պետրոսյանը։ Միայն այդ փուլից հետո կքննարկվի նրա հեռանալու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ինքը շարունակելու է իր աշխատանքը ՀԷՑ-ում:
Հիշեցնենք՝ Պետրոսյանը ստանում է կլորիկ աշխատավարձ եւ հրաժարվել է պարգեւավճարներից:
Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով
Այս շաբաթ սկանդալ պայթեց՝ շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,157 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա՝ ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի թանկարժեք լուքը։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց պարզել՝ ինչ արժե նախարարի հագուկապը, ինչպես է նա իր աշխատավարձից ավելի թանկ պայուսակ գնել։ Անահիտ Ավանեսյանը ժպտաց, անկեղծացավ ու մանրամասնեց, որ ոչ մի բրենդային հագուստ չունի, միայն թույլ է տվել իրեն ունենալ բրենդային թանկարժեք մեկ պայուսակ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ ամիս նա եւ ընտանիքի անդամներն ինչպես են ապրել:
Նախարարն ասում է՝ «միայն մեկ թանկարժեք պայուսակ ունեմ», բայց չի մանրամասնում, թե ո՞րն է էժանի սահմանը։ Համաձայնեք, որ սա ոչ թե նորաձեւության մասին պատմություն է, այլ քաղաքական միֆ՝ կարծես «պետական պարզության» մասին, քանի որ նախարարը չի հայտարարագրել իր պայուսակը։
Սակայն, բացի պայուսակից, խորհրդարան գալու օրը նախարարի հագուկապից կոշիկները եւ գոտին նույնպես բավականին թանկարժեք էին. եթե դրանք բրենդային են, ապա նախարարի գոտին (լուսանկարներն առկա են տեսանյությում) արժե մոտ 180 հազար դրամ, իսկ վագրային նախշերով կոշիկները՝ մոտ 600 հազար ՀՀ դրամ։
Իհարկե, նախարարն ունի լիարժեք իրավունք՝ ընտրելու իր ոճը, գնելու իրեն դուր եկած իրերը, բայց թափանցիկության մասին խոսող ՔՊ-ի պաշտոնյան ավելի թափանցիկ պետք է լինի։ Առավել եւս, երբ առողջապահության ոլորտում բժիշկները, բուժաշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար, այս ֆոնին նախարարի պայուսակի գինն այլ հնչողություն է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց նաեւ նրա կրած զարդերի մասին՝ թանկարժեք մետա՞ղ են, թե՞ ոչ, քանի որ աչքի էին զարնում։ Նախարարն արձագանքեց, որ դրանք պարզապես բիժուտերիա են, որը նա սիրում է եւ գրեթե միշտ կրում։
Այսպիսով՝ նշենք, որ նախարարի լուքը, կոստյումի մասով գոնե, իսկապես շատ թանկ չէր. ամերիկյան կայքում նման կոստյումն արժե 106 հազար դրամ: Հավանաբար՝ այդքան էլ տաբատը։
Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=A5zd_vwdnSU
37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար
Երեւանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։
Այսպիսով՝ Ամանորի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձեւավորման աշխատանքներ։ Կատարվելու են վարչական շրջանի մի շարք փողոցների ամբողջական լուսավորում եւ ձեւավորում՝ ապահովելով տարածքների գեղեցիկ, գունազարդ եւ տոնական տեսք։ Այս ծառայության համար հատկացվել է 12 մլն դրամ։
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախատեսված է տոնական ձեւավորում. աշխատանքների հստակ կազմակերպման համար անհրաժեշտ է տոնական լուսավորության սարքավորումներ տեղադրել։ Նախատեսված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայի մուտքի շվաքարանի մետաղական կարկասին ամրացնել արհեստական եղեւնու ճյուղեր, գեղեցիկ լուսաշղթայի տեսքով լուսավորված անձրեւային կաթիլներ: Այս եւ այլ ծառայությունների համար հատկացվել է 11,9 մլն դրամ։
Քաղաքապետարանը որոշել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համար ամանորյա տոների կապակցությամբ նաեւ անհրաժեշտ է կազմակերպել տոնական միջոցառում-հյուրասիրություն՝ առնվազն 180 անձի համար, որի համար հատկացվել է 2 մլն 668 հազար դրամ։ Ամանորի կապակցությամբ մեկ այլ միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 1մլն 998 հազար դրամ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրություն կազմակերպելու նպատակով կնքվել է 3 մլն 255 հազար դրամ։ Նոր Նորք վարչական շրջանում գործող մոդեռն ոճով բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում անհրաժեշտ է կազմակերպել հյուրասիրություն՝ 230-ից 250 անձի համար։ Բացի հյուրասիրությունից, եւս 1 մլն 690 հազար դրամ հատկազվել է Նոր Նորք վարչական շրջանում Ամանորյա տոնական համերգ կազմակերպելու համար։
Տարվա ընթացքում աշխատանքային, մասնագիտական ձեռքբերումներ գրանցած Աջափնյակ վարչական շրջանի լավագույն մասնագետներին պարգեւատրման արարողությունը եւ հյուրասիրությունը, վարչական շրջանի շենքում կազմակերպելու համար, հատկացվել է 1 մլն 644 հազար դրամ։
Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպումը Բուենոս Այրեսի այգու տարածքում, ինչպես պայմանագրում է նշված՝ «ճանաչված, էստրադային մեկ երգչուհու եւ բարձրակարգ նվագակցողի (DJ) մասնակցությամբ», արժեցել է 1 մլն 444 հազար դրամ։
Ծառայություն մատուցող կազմակերպությունը վարչական շրջանի 320 երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում պետք է տրամադրի տոմսեր՝ Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի, Պարոնյանի կամ Թումանյանի տիկնիկային թատրոնների ներկայացումների համար՝ ամանորյա տոնական ու հեքիաթային թեմաներով: Այս ծառայության համար նախատեսվել է 888 հազար դրամ։
Ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում, Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ պետք է կազմակերպվի 30-45 րոպե տեւողությամբ տոնական միջոցառում՝ տոնածառի լույսերը վառելու արարողություն՝ պրոֆեսիոնալ վարողի, հայկական էստրադայի հայտնի, ճանաչված կատարողի, սիրված մանկապատանեկան երգի-պարի անսամբլի կամ վոկալ-էստրադային ստուդիայի 5-7 պատանի երգիչների մասնակցությամբ: Ծառայության համար հատկացվել է 1 մլն 497 հազար դրամ։
Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն վարչական շրջանում ճաշկերուլթ եւ ամանորյա տոնակատարություն կազմակերպելու համար ՀՀ հպարտ հարկատուների գրպանից ծախսվել մոտ 37,5 մլն դրամ գումար։
Նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները, կարելի է ասել, ՔՊ-ականներին թեւեր են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս ընտրությունները կարող էին բավականին վճռորոշ լինել իշխանության շատ ներկայացուցիչների համար, ինչի պատճառով նրանք օրուգիշեր Վաղարշապատում են անցկացրել՝ Արգիշտի Մեխակյանին քաղաքապետ դարձնելու համար:
Բանն այն է, որ Փաշինյանը ՔՊ վարչության մի քանի ամսվա նիստերի ընթացքում անդադար կրկնել է, որ այս ընտրությունը կարող է ծառայել որպես լակմուսի թուղթ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Եթե իրենք պարտվեն Էջմիածնում, կնշանակի, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնության ձայները չեն ունենալու: Ու իշխանականները լծվել են աշխատանքի: Սա նաեւ շատ կարեւոր էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի համար, քանի որ ձախողման դեպքում նա այլեւս չէր շահի Փաշինյանի վստահությունը, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մարզային պատասխանատուի դերը Փաշինյանը Խուդաթյանին է վստահել: Վերջինս գիշերն ու ցերեկը մեկ էր արել, որպեսզի ապացուցի, որ ինքը ամենավստահելին է այդ հարցում:
Երեկ ՔՊ-ում թեժ քննարկվում էր, որ Էջմիածնի հաղթանակը «Մեխակյան-Խուդաթյան-Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան»-ինն է, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ամեն բան արեցին ցույց տալու համար, թե դա իրենց հաղթանակն է, ինչում ոչ մի ներդրում չեն ունեցել:



















































































