Armenian text to speach

Գնել Սանոսյանն արդեն պաշտոնի է անցել Ամուլսարում, բայց հանքը գործում է միայն թղթի վրա. ի՞նչ արդյունքներ են արձանագրվել տարվող աշխատանքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ ՀՀ Կառավարության եւ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախորդ ամիսներին հրապարակված տվյալների՝ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը նախատեսվում էր սկսել այս տարի: Համաձայն փաստաթղթի՝ շինարարական աշխատանքները 2025 թվականի առաջին եռամսյակում պետք է մեկնարկեին, իսկ հանքաքարի արդյունահանումը՝ չորրորդ եռամսյակում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ծավալուն հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար արդյոք շինարարական փուլը ավարտվել է, եւ եթե այո՝ ո՞ր փուլում է ներկայումս հանքաքարի արդյունահանման գործընթացը։

 

«Եթե արդյունահանումը արդեն մեկնարկել է՝

– ի՞նչ ծավալներ են արձանագրվել,

– ո՞րն է արտադրության հիմնական ցուցանիշը (տոննա հանքաքար, ոսկու կամ արծաթի ունցիաներ եւ այլն)։

Նշվել էր, որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ մոտ 150 մլն ԱՄՆ դոլարը կարող են տրամադրել հայկական առեւտրային բանկերը։ Արդյոք վարկային պայմանագրերը ստորագրվե՞լ են.

– ո՞ր բանկերն են ներգրավված, եւ ի՞նչ չափով,

– ինչպե՞ս է Կառավարությունը տնօրինում իրեն անցած 12.5% բաժնեմասը,

– արդյոք այդ բաժնեմասից արդեն գրանցվե՞լ են շահույթներ կամ դիվիդենտներ,

– ո՞ր պետական հիմնարկն է պատասխանատու այդ բաժնեմասի կառավարման համար:

 

Ի՞նչ եկամուտներ կամ հարկային մուտքեր են արդեն փաստացի մուտքագրվել պետական բյուջե 2025 թվականի ընթացքում՝ Ամուլսարի ծրագրի շրջանակում.

– տեղական համայնքների հետ կնքված սոցիալական համաձայնագրերի իրականացման ընթացքը ինչպե՞ս է գնահատվում,

-ի՞նչ գումարներ են ուղղվելՎայոց ձորի եւ Սյունիքի համայնքներին,

– որո՞նք են ծրագրի առաջիկա փուլերը 2026 թվականի համար»։

Հարցմանն ի պատասխան ստացել ենք հետեւյալը. «Ամուլսարի հանքավայրում ներկայումս դեռեւս իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նոր միայն կմեկնարկի հանքի շահագործումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 27-ին կառավարության կողմից հաստատվել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» 220-Ա որոշումը, համաձայն որի որոշվել է՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգից մինչեւ հինգ տարի մարման ժամկետով, մինչեւ 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել ընդհանուր մինչեւ 150,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որի վերաբերյալ վարկային պայմանագիրը արդեն իսկ կնքվել է: «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հուլիս ամսին արդեն իսկ ստացել է առաջին տրանշը՝ 44,000,000 ԱՄՆ դոլարը։

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ համաձայն ՀՀ Կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 81-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12503 ընդհանուր թվով բաժնետոմսերը, եւ դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ էկոնոմիկայի նախարարությունը վերոնշյալ բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ օրենսդրության համաձայն:

Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում այդ տեղեկատվությանը, ուստի առաջարկում ենք դիմել «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը»,- ասված է պատասխանում։

Արձանագրենք, որ ժամկետների հարցում Էկոնոմիկայի նախարարությունը արդեն ձախողում ունի, իսկ, ահա, հանքի շահագործումը դեռ սարերի հետեւում է։

Սա էկոմոնիկայի նախարար Գեւորգ Պապոյանի կողմից հերթական ոլորտային ձախողումն է. ամենուր եւ միշտ խոսում են՝ Ամուլսարը շուտով կբացվի, կշահագործվի, երկիրը կծաղկի, բայց ծրագրով նախատեսված անգամ շինաշխատանքները չեն ավարտվել:

Ի դեպ, Գնել Սանոսյանն արդեն նշանակվել է Ամուլսարում պաշտոնի՝ բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա:

 

 

 

 

 

Համացանցում հայտնված Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթով իրավապահները փակուղի են մտել:

«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական վարույթով 2 անգամ հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոսը եւ ասել, որ անօրինական ձեռք բերված խոսակցության վերաբերյալ ասելիք չունի։  Իրավապահները հարցաքննության են հրավիրել նաեւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին, որն էլ իրավապահներին հայտնել է, թե նման բան չի եղել։

Այսպիսով՝ իշխանական մամուլում տարածված աղմկահարույց ձայնագրության գործով անցնող անձինք ամբողջովին հերքել են խոսակցության առկայությունը, ինչը իրավապահներին փաստացի փակուղու մեջ է դրել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգեւորականներ ընդվզել են։

ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն. ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կալանավորվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդարանի հաշվապահը։

Այսպիսով՝ վերոնշյալ ձայնագրությունը ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի համապատասխան վարույթի շրջանակում քննություն իրականացվեր։ Կոմիտեն էլ քննում է ու հայտնվում փակուղում:

 

 

 

 

Երեւանն ապականելուց հետո կառուցապատողների երախը հասել է գյուղեր. լսումներ

 

Նախօրեին Վեդու համայնքապետարան տանող դռները փակ էին բնակիչների առաջ:

Ոստիկանների շղթայով՝ բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին չէին թողնում մտնել այն դահլիճ, որտեղ պետք է քվեարկություն ընթանար Կարմիր սարը հանքի վերածելու առաջին քայլի կապակցությամբ։ Պաշտոնական արդարացումը՝ «չէին գրանցվել»։ Մի քանի ժամ վեճերից հետո մարդիկ վերջապես կարողացան ներս մտնել, բայց արդյունքը չփոխվեց. Վեդու ավագանին միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի նախագծին՝ ընկերությանը ճանապարհ բացելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն սկսելու համար։

Խոսքը Կարմիր սարի կրաքարային հանքի եւ հետագայում՝ ցեմենտի գործարանի մասին է. Ord Group-ը նպատակ ունի արդյունահանում իրականացնել Արտաշատի եւ Վեդու խոշորացված համայնքների յոթ գյուղերին հարող լեռան վրա՝ անմիջապես Այգեզարդի, Գինեվետի եւ մյուս բնակավայրերի գյուղատնտեսական հողերի վերեւում։ Աշխատատեղերի «մի քանի հարյուրի» խոստումներ, «շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն», «ժամանակակից ֆիլտրեր». ծանոթ ձեւակերպումներ, որոնք լսվում են գրեթե յուրաքանչյուր հանքի պատմության սկզբում։ Կարմիր սարը առաջին անգամ չէ, որ պայքարի կենտրոնում է։ Հոկտեմբերի 13-ին Գինեվետում կայացած նախնական լսումները նույնպես անցել էին ոստիկանների «զտիչով»։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ հոկտեմբերին՝ Ord Group-ի նախագիծը ներկայացվում էր ընդամենը 25-35 մլն դրամ ներդրման «պատկերացմամբ»,  որը հակադրվում էր Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների պահպանության պահանջին. փոքր գումար՝ մեծ բնապահպանական ու սոցիալական գնի դիմաց։

Նույն լեռը տարիներ շարունակ փորձել է «վերցնել» նաեւ Ord Group-ի քույր «ՕՐԴ» ՍՊԸ-ն, սակայն ստացել է 8 կետով հիմնավորված բացասական եզրակացություն ՇՄԱԳ-ից։ Այլ ընկերություններ՝ «ML Մայնինգն» ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու «Բեդեկը», ժամանակի ընթացքում հետ կանգնեցին Կարմիր սարը հանքի վերածելու մտադրությունից. Լեւոն Օրդուխանյանի ախորժակը, սակայն, չի փակվում:

Քաղաքում բազմահարկերի բումից հայտնի Օրդուխանյանը Կոմիտասի, Աբովյան-Թումանյան փողոցների հատվածները շինարարական փոշով պատելուց հետո հասել է Վեդի:

Իհարկե, Վեդու ավագանու նախօրեի որոշումը դեռ վերջնական թույլտվություն չէ. վերջին խոսքը շրջակա միջավայրի նախարարությանն է։ Բայց ոստիկաններով պաշտպանված «հանրային» լսումները արդեն ցույց տվեցին, թե իշխանությունը ո՛ր կողմում է կանգնել այս պայքարում։

 

 

 

 

 

Եկեղեցու ներսից ճնշումներ կսկսվեն որոշ եպիսկոպոսների դեմ

 

Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քաղաքական ճնշումները ամեն օր նոր ձեւ եւ բովանդակություն են ստանում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների՝ իշխանությունը համակարգված ձեւով փորձում է գտնել եկեղեցու ներսում ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են համագործակցել իշխանության հետ եւ, անհրաժեշտության դեպքում, ներսից դեմ դուրս գալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Նույն աղբյուրների պնդմամբ՝ վարչապետ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի լոյալությանը, եւ քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսաց ժողով հրավիրելու հարցը, որտեղ նպատակ կա փակ ձեւաչափով բարձրացնել նաեւ կաթողիկոսի թեման։

Սակայն, որպեսզի գործընթացը արտաքինից երեւա «օրինական» եւ «տրամաբանական», առաջին փուլով նախատեսվում է քննության առնել այն եպիսկոպոսների ու հոգեւորականների հարցը, որոնց հասցեին ներսում հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու, անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։ Մի քանի հոգեւորականներ արդեն հայտնվել են այս թիրախում, եւ, ինչպես վստահեցնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց եկեղեցու ներսից են փորձելու նախաձեռնություն առաջ քաշել՝ նրանց ծառայությունը կասեցնելու օրակարգով։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետեւել այս գործընթացներին՝ արձանագրելով, թե ինչպես է պետական իշխանության եւ եկեղեցու լարված հարաբերությունը քայլ առ քայլ տեղափոխվում գաղտնի բանակցություններից դեպի բաց ներեկեղեցական ճգնաժամի վտանգ։

 




Լրահոս