Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն՝ «Մարտի 1»-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, նախորդ տարի ներգրավված է եղել բնակարանների ձեռքբերման եւ օտարման գործընթացներում։
Ինչ է գրել մամուլը Ասլան Ավետիսյանի մասին
Ասլան Ավետիսյանը Արարատի համայնքապետ է ընտրվել 2021 թվականին։ Նա անցել է «Մարտի 1»-ի գործով։ Տարիներ առաջ դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց` դիմելով անկարգությունների, մասնակիցներին, կոչեր է արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու». իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողե՛ք, հեռացե՛ք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»:
Նրա նկատմամբ կիրառվել էր կալանք ընդամենը կես տարի, ինչից հետո ազատ էր արձակվել ստորագրությամբ։ 2021 թվականի մայիսին Ասլան Ավետիսյանը արդարացվել է, իսկ ամիսներ անց դարձել համայնքապետ։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Ասլան Ավետիսյանը տարեսկզբին ունեցել է 2 գույք՝ մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան՝ համապատասխանաբար Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում։
2024 թվականին նա ժառանգությամբ ստացել է եւս մեկ անհատական տուն Արարատում, որը մեկ ամիս անց նվիրատվությամբ փոխանցել է Հովհաննես Ասլանի Ավետիսյանին։
Տրանսպորտային միջոցներ համայնքապետը չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 375 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 8 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 274 հազար դրամ, որից 5 մլն 895 հազար դրամը Արարատի համայնքապետարանի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունն է, իսկ 1 մլն 379 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է։
Արարատի համայնքապետի որդուն է պատկանում «Ավանգարդ Սթոն» ՍՊԸ-ն, որը նախորդ տարի դիմել է Ավշար բնակավայրի ավագանուն եւ ցանկանում էր Արարատ համայնքի Ավշար բնակավայրի տարածքում գտնվող տրավերտինների եւ կավերի հանքավայրում հանքարդյունահանում իրականացնել։ Իրավական անձանց պետական ռեգիստրում իրական շահառուն Նարեկ Ավետիսյանն է։
«Սալակիթ» ՍՊԸ-ն, որը, ըստ Ասլան Ավետիսյանի հայտարարագրի, պատկանում է Ռոզա Զովելյանին՝ համայնքապետի կնոջը, 2004 թվականին լիցենզավորվել է դեղատնային գործունեության համար (դեղատնային կրպակ) եւ ստացել է անժամկետ լիցենզիա։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունն այս պահին եւս գործում է։ Ռոզա Զովելյանը նախորդ տարի որեւէ եկամուտ չի ստացել։
2
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովը ավելի շատ «դաստիարակչական» բնույթ է կրել: Պատճառն այն է, որ Սրբազանների մի խումբ է ձեւավորվել, ովքեր սկսել են սատարել Նիկոլ Փաշինյանին, այլ կերպ ասած՝ անցել են նրա կողմը եւ ամեն բան անում են եկեղեցու ներսում լարվածություն ստեղծելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ընթացքում Ամենայն հայոց Կաթողիկոսն էլ անում է հնարավորը, որպեսզի վերականգնի ներեկեղեցական համերաշխությունը, կանխի միմյանց դեմ դուրս գալու իրավիճակը:
Ըստ մեր աղբյուրների՝ վերջին ժամանակահատվածում Կաթողիկոսը գրեթե ամենօրյա ռեժիմով առանձին զրույցներ է ունենում բոլոր Սրբազան հայրերի հետ, ներկակացնում, որ չպետք է տրվեն իշխանական սադրանքներին ու «քանդեն» եկեղեցին ներսից: Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սրբազանների մի խումբ արդեն Կաթողիկոսի դեմ հանել:
Երեկ Եպիսկոպոսաց ժողովին Կաթողիկոսը կրկին խոսել է հաշտության, միասնության մասին: Նա նկատողություն է արել այն սրբազաններին, որոնց մասնակցությամբ եւ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագների ընթացքում բաց են թողնվում Կաթողիկոսին վերաբերվող աղոթքի կամ հիշատակի համապատասխան հատվածները։
Մեր աղբյուրները նշում են, որ Կաթողիկոսը հորդորել է հետեւել քահանաների մատուցած պատարագին, որպեսզի նրանք պահեն բոլոր կանոնները, հակառակ դեպքում եկեղեցու կարգերը խախտող քահանաները եւս կարգալույծ կարվեն:
3
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի եւ Միքայել սրբազանի խուց, որպեսզի ձերբակալված սրբազանների հետ կրի կալանքը։ Սակայն «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է չորս քրեական գործ՝ երկու կոռուպցիոն բնույթի, իսկ մյուս երկու գործերը վերաբերում են նրա կողմից հրապարակային հնչեցված արտահայտություններին։
4
Գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել
են Գյումրիում և Եղեգնաձորում
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վիճակագրական կոմիտեց տեղեկանում է՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. հոկտեմբերը
2024թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%:
Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Գյումրի և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3%-ով:
2025թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):



















































































