Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի նախաձեռնությամբ վերջերս ստեղծվեց «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ՝ բռնի տեղահանված արցախհայության առավել խոցելի ընտանիքներին նեցուկ լինելու նպատակով։
ArmLur.am լրատվականին Նժդեհ Իսկանդարյանը հայտնում է, որ շատ գործարարներ խուսափում են հիշյալ ընտանիքիներին աջակցելու գործում իրենց ներդրումն ունենալ։ Իսկանդարյանի խոսքով՝ առավել ցավալի է, որ այդ խուսափող գործարարների շարքերում են նաև արցախցի գործարարներ։
«Հիմնադրամին հանգանակությունների ակտիվությունը շատ ցածր է, շատերը խուսափում են անգամ զանգերիս պատասխանել կամ հանդիպել՝ պատճառաբանելով, որ իշխանությունների կողմից ճնշումներ կլինեն իրենց նկատմամբ։ Այդ մարդկանց շարքերում են նաև որոշ արցախցի գործարարներ, որոնց համար փաստորեն Արցախը եղել է բիզնես հարթակ։ Շատերին առաջարկել եմ, որ կարող են հիմնադրամին գումար չփոխանցել։ Մենք կտրամադրենք խոցելի ընտանիքների կոնտակտներ, որ անմիջապես այդ մարդկանց հետ կապ հաստատելով իրենց աջակցությունը ցուցաբերեն։ Ցավոք, իմ այս առաջարկին ևս չհամաձայնվեցին»,- ասաց Արցախի պետնախարարը։
Մեր զրուցակիցն առայժմ չի նշում այդ գործարարների անունները, բայց տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ արդեն կոնկրետ անուններով կխոսի։
Ի հակադրություն այս գործարարների, անշուշտ, «Արցախն իմ սրտում» հիմնադրամը շատ առումներով ծառայեց իր նպատակին։
Նժդեհ Իսկանդարյանը ուրախությամբ հայտնում է, որ արցախհայության խոսցելի ընտանիքիներին աջակցելու պատրաստակամություն հայտնողներ արդեն եղել են։
«ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է արդեն իսկ մեծ աջակցություն ցուցաբերել հիմնադրամին ու արցախցիներին։ Կհիշեք, ասուլիսի ժամանակ դիմել էի նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բարեգործներ Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին։ Ուզում եմ տեղեկացնլ, որ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից արդեն պատասխանել են, հայտնելով, որ «Լույս» հիմնադրամի ծրագրերի շրջանակում ծրագրեր են իրականացնում նաև արցախցիների համար։ Այժմ սպասում են 2-րդ նախագահի, Ծառուկյան և Կարապետյան ընտանիքների արձագանքին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ներկայացուցչույթան շենքում տեղի ունեցած պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին։ Հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքիներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև 2023 թվականի բենզալցակայանի ողբերգական պայթյունի հետևանքով տուժած ընտանիքներին։
Նանիկ Աղասյան





























