ArmLur.am լրատվականի աղբյուրները հայտնում են, որ այս օրերին իշխանությունը համաձայնության, ընդհանուր հայտարարի գալու ճանապարհներ է փորձում գտնել Գեղարքունյանց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարթև Եպիսկոպոս Բարսեղյանի հետ, որպեսզի նա ևս միանա այն եպիսկոպոսներին, որոնք պահանջում են կարգալույծ ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Իրավապահներին կհաջողվի՞ ճնշել Պարթև Սրբազանին, թե ոչ, առայժմ ասել չենք կարող։ Սպասենք իրադարձությունների առաջիկա զարգացումներին։
Հիշեցնենք, որ օրերս մի շարք եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որտեղ նշված է, որ սույն թվականի նոյեմբերի 5-ին Հայրապետական տնօրինությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծած հանձնախումբը՝ «Համացանցում տարածված Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։
Հանձնախմբին ՀՀ Քնչական Կոմիտեից տրամադրել են վերոհիշյալ փորձաքննության արդյունքները, որը հաստատում է Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի վերագրվող տեսանյութերի իսկությունը։ Եպիսկոպոսական հանձնախումբը նույն օրը Գարեգին Բ Կաթողիկոսին հայտնում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են տեսանյութերի իսկությունը և հանգել այն եզրակացության, որ Արշակ Սրբազանը կարգազանց է։ Սակայն, ինչպես թղթում է նշված, Վեհափառը եպիսկոպոսաց հանձնախմբի ուսումնասիրությունն առ ոչինչ է համարել։
Հաշվի առնելով այս ամենը՝ եպիսկոպոսական հանձնախումբը դիմել է «եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ Կաթողիկոսի թյուր ընթացքը։ Եպիսկոպոսական հանձնախումը նշում է, որ իրենք իրենց պարտքն են համարում բացառել պատեհապաշտ և կամայական գործելաոճը մեր Եկեղեցու կյանքից։
Եպիսկոպոսաց հայտարարության տակ 13 բարձրաստիճան հոգևորականների անուններ են, որոնցից 9-ը արդեն տվել են իրենց համաձայնությունն ու ստորագրությունը։
Նանիկ Աղասյան























