Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի և Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-480-28.03.2014-ՄԻ-010/0) վերաբերյալ առաջարկը ՀՀ կառավարության կողմից արժանացավ հավանության:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարծիք է ներկայացված նախագծի հեղինակների հետ՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնականացման և աջակցման հետ կապված հարաբերությունները օրենքով կարգավորելու հարցում:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի 861-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ: Վերջինիս՝ 2013 թվականի հունիսի 22-ի հանձնարարականի համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ ոլորտի իրավահարաբերությունների ամբողջական կանոնակարգման նպատակով:
Վերոհիշյալ նախագծերի փաթեթը դեռևս 2013 թվականի օգոստոսի 22-ին ներկայացվել է հանրային քննարկումների: Նախագծերի փաթեթը բազմիցս քննարկվել է նաև խորհրդին կից աշխատանքային խմբում, ինչպես նաև ուղարկվել է ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) և ԱՄՆ պետդեպարտամենտի փորձաքննությանը:
Նախագծերի փաթեթն արդեն իսկ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկ միասնական նախագծերի փաթեթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար: