Օսիկյանը պատասխանել է խմբակցությունների հարցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների օրինականության քննարկումը:  ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը պատասխանում էր խմբակցությունների գրավոր հարցերին:

ԲՀԿ-ն հարցադրում էր կատարել, թե կանոնների խախտումների համար տուգանքների դրույքաչափերը որքանով են համապատասխան տուգանքի ենթարկված անձանց ունեցվածքին:

«Հարցադրումը ճիշտ է, սակայն անձանց եկամուտները շատ դեպքերում չենք կարող հաշվարկել: Որոշ դեպերում պատիժը պետք է այնպիսին լինի, որ դա կանխարգելիչ նշանակություն ունենա», – նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Նրա խոսքով՝ մեր գործող օրենսդրությամբ նախատեսված տուգանքները շատ դեպքերում համաչափ են: «Սակայն կան որոշ արարքներ, որոնց համար մենք էլ ենք գտնում, որ տուգանքները պետք  է նվազեցնել», -նշեց նա:

Հաջորդ հարցն այն էր,  թե որքանով է համապատասխանում փողոցում տեղադրած արագաչափերի ցուցիչի թիվը մեքենայի արագաչափի ցույց տված ցուցիչին: Ի պատասխան այս հարցադրման՝ Օսիկյանը նշեց, թե փողոցում տեղադրված արագաչափերի ցուցմունքները լիովին ճիշտ են և համապատասխանում են մեքենայի արագաչափի ցուցիչին: «Այդ սարքերը գերմանական են և գործում են անսխալ», – նշեց նա:

Օսիկյանը նշեց, թե բոլոր խմբակցությունների կողմից հնչել է նույն հարցը, թե ինչու է սպասարկող ընկերություն ընտրվել հենց «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն:

«2011թ. է կնքվել պայմանագիրը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության և ոստիկանության միջև: Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն: Մյուս ընկերությունն առաջարկել էր շատ բարձր գին, այդ պատճառով ընտրվել էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը համապատասխանում էր անհրաժեշտ բոլոր պահանջներին», – նշեց նա:




Լրահոս