Armenian text to speach

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

 

Պատգամավորի հետ քննարկել ենք նրա վերաբերյալ քննվող քրեական գործը, որի շուրջ, կարծես, այս փուլում նոր շարժ չկա։ Փորձել ենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս լռությունը եւ ինչ բացատրություն է տալիս Աղազարյանը։

-Պարո՛ն Աղազարյան, այն քրեական գործով, որով Դուք մեղադրյալի կարգավիճակ ունեք, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունը դեռ շարունակվում է։ Ձեզ հետ նույն վարույթով անցնող անձանց գործերը առանձնացվել ու ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ արդեն վճիռ կա։ Իսկ Ձեր մասով կոմիտեն լուռ է. ոմանք անգամ ենթադրում են, թե ինչ-որ գործարքների մեջ եք կամ փորձում եք համաձայնության գալ։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում Ձեր վարույթում։

-Ես ինքս էլ դժվարանում եմ հասկանալ իրավիճակը։ Փաստաբաններից յուրաքանչյուրն իր տարբեր մեկնաբանությունն ունի։ Պատահական չէ, որ հաճախ քննադատել եմ իրավաբանական համայնքին՝ նրանց մեջ հստակության բացակայության պատճառով։ Ձեր նշած գործով երկար ժամանակ վկայի կարգավիճակում էի, ապա դատախազի միջնորդությամբ դարձա մեղադրյալ։ Այլ տեղեկություն չունեմ։

-Վերջին անգամ ե՞րբ եք հրավիրվել նախաքննական մարմին։

-Արդեն մոռացել եմ. երեւի երեք-չորս ամիս առաջ։ Իսկ մյուս գործը, որը կապված էր Արամ Մկրտչյանի ցուցմունքների հետ, ուներ մի կարեւոր դրվագ, որը դուրս բերվեց վարույթից։ Չեմ կարող մանրամասնել՝ նախաքննությանը չվնասելու համար։ Այսպիսին է իրավիճակը։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված նախաքննական մարմնի այս լռությունը։ Շրջանառվում է կարծիք, որ Ձեզ փորձում էին «լռեցնել» քրեական գործերով, սակայն հիմա ամեն ինչ պարզ է, եւ գուցե իշխանությունն այլեւս չի սպասում Ձեր քննադատությանը, ու վարույթը պարզապես կփակվի։

-Նման կարծիք ունեցողներին խորհուրդ եմ տալիս գնալ «Բուկինիստ», գնել իմ «Երկրի իրական կողմը» գիրքը եւ կարդալ։ Այդտեղ շատ հարցերի պատասխաններ կգտնեն։ Կարող են նաեւ իմ քաղաքական պահվածքից հետեւություններ անել։ Իհարկե, ես ինքս պիտի ինձ պաշտպանեմ, բայց յուրաքանչյուրն իրավունք ունի գնահատել դեպքերի զարգացումը։

-Պարո՛ն Աղազարյան, Դուք անձամբ չե՞ք պատրաստվում դիմել Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե ինչ է կատարվում Ձեր գործով։

-Մենք արդեն դիմել էինք. հեռախոսս վերցրել են։ Հիմա նորից դիմեմ, որ մյուս հեռախո՞սս էլ վերցնեն։

-Վերցրած հեռախոսը չե՞ն վերադարձրել։

-Ո՛չ, դեռ չեն վերադարձրել։ Իմ հիմնական հեռախոսը մոտ մեկ տարի է՝ կոմիտեում է։ Հոկտեմբերի 15-ի հայտնի լսումներից մինչեւ այժմ։

Իմ դեպքից հետո եղան այլ նմանատիպ, շատ տգեղ պատմություններ, մարդկանց անձնական կյանք ներխուժեցին։ Սա լրջագույն, անմարդկային վերաբերմունք է երկրի քաղաքացիների հանդեպ։

-Ձեր դեպքը, փաստացի, առաջինն էր։ Հետագայում նմանատիպ միջադեպ եղավ նաեւ հոգեւորականների շուրջ։ Դուք, սակայն, հաղորդում չներկայացրիք այդ ապօրինությունների վերաբերյալ։

-Ոչ, չեմ ներկայացրել։

-Իսկ հնարավո՞ր է, որ մտքափոխվեք ու ներկայացնեք։

-Ո՛չ, այլեւս չեմ անի։ Միայն կրկնում եմ՝ դա անմարդկային դրսեւորում էր։

-Ձեր անձնական կյանքի վերաբերյալ խոսակցությունները սկզբում հնչեցին հենց ՔՊ-ականների կողմից։ Չունե՞ք անհանգստություն, որ որեւէ օր կարող է տեսանյութ հրապարակվել։

-Ես նման մտավախություն չունեմ։ Իմ անձնական կյանքով եմ ապրում։ Եթե ինչ-որ սրիկաներ տեսանկարահանել են եւ որոշ իրավապահների միջոցով ներխուժել են իմ անձնական տարածք՝ թող ինչ ուզում են մտածեն։ Բայց եթե դա հրապարակեն, իրենք էլ նույն սրիկաներն են։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 




Լրահոս