Աբովյանում Սարգիս Զեյնալյանի սպանության համար մեղադրվող Աշոտ Սոխրաբյանցի եղբայրը երեկ այցելել էր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն։ Նա պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ամիսներ առաջ եւ ինչ հանգամանքներ են նախորդել դեպքին։ Նշենք, որ Աշոտ եւ Բենիամին Սոխրաբյանց եղբայրները այս պահին կալանավորված են։
Հիշեցնենք, որ Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով կասկածվողը 14 տարի առաջ եւս մեկ սպանություն է իրականացրել։
Ինչ եղավ սկզբում
Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա մահացել էր։ Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։
Գործով հարուցվել էր հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով, եւ դատարան էր ներկայացվել նրանց կալանավորելու միջնորդությունը։ Սակայն մի քանի օր շարունակ եղբայրները, որոնք ենթադրվում էր, որ իրականացրել են սպանությունը, որոնվում էին իրավապահների կողմից։
«Գինու փառատոնի» օրը տեղի ունեցած վեճը
Սպանված երիտասարդի հարազատներից մեկը՝ Գ. Զեյնալյանը, հրապարակային գրությամբ նշել էր. «Ամիսներ առաջ, Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեքների կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձ բացահայտ հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը լռել չէր կարող։ Այդ պահից նա դարձավ նրանց թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը եւ սպասեցին հարմար պահին։ Ապա նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից…»։
Այս հրապարակային գրառումից կարելի է եզրակացնել, որ Գինու փառատոնին 24-ամյա Սարգիսի եւ ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջեւ վեճ էր տեղի ունեցել, որն էլ շարունակություն է ունեցել՝ վերջիվերջո հանգեցնելով ողբերգական դեպքին։
Ինչ էր տեղի ունեցել 14 տարի առաջ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ 2011 թվականին Աշոտ Սոխրաբյանցին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, խաղաղ պայմաններում գնացել էր տուն, որտեղ հանդիպել էր իր կնոջը եւ Արթուր Դովլաթյանին, կրակել նրանց ուղղությամբ, ապա դանակով հարվածներ հասցրել Դովլաթյանին եւ սպանել նրան։
Նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել էր անփոփոխ՝ կիրառվելով նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում։
Մի քանի տարի առաջ ազատություն դուրս գալով՝ Սոխրաբյանցը, ըստ մեղադրանքի, կրկին խլեց մարդու կյանքը՝ այս անգամ 24-ամյա երիտասարդի։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































