Armenian text to speach

ՀԷՑ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կողմ ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց դադարեցնել ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։

 

Նախագծի համաձայն՝ ՀԾԿՀ-ն գործընթացը սկսել է՝ հիմնվելով Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025 թվականի հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման վրա, որը տրվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն։

Դեռ նոյեմբերի 9-ին, Թալինում լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ վերհանել է 10 հիմնական պատճառ, որոնք թույլ են տալու, օրենքով սահմանված կարգով, ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։

Պետրոսյանի՝ հանձնաժողովին ուղարկված գրությունները հիմք են ծառայել այն փաստարկի համար, որ 2025-ի հունվարին խափանվել է ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը, ինչի հետեւանքով ջնջվել են էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերում պահվող տվյալները՝ սկսած 2018 թվականից։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին, Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրման նպատակով։

Ի՞նչ էր տեղի ունեցել մինչ այս։ Հունիսի 17-ին ՀԷՑ-ի սեփականատեր, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Իսկ արդեն հունիսի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր կալանավորել Սամվել Կարապետյանին։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս