Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում օրերս մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը, որն անցկացվում է «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո։
Միջոցառումն անցկացվում է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ մշակույթի, հետազոտության եւ նորարարության խաչմերուկում ձեւավորված համաժողովը միավորել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, պրոդյուսերներրին եւ արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային եւ ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ֆորումի բացմանը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը։
«Մեր երկրում ձեւավորվում է մշակութային նոր մտածողություն՝ հիմնված նորարարության, գիտելիքի եւ համագործակցության վրա։ Հայկական արվեստն ու մշակույթը մեր ինքնության արժեհամակարգի անքակտելի մասն են, սակայն մշակույթը նաեւ նորարարության, տնտեսական եւ համայնքային զարգացման կարեւոր տարր է։ Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է՝ մշակութային ինքնարտահայտման, միջազգային համագործակցության եւ տնտեսական աճի համար։
ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մշակութային քաղաքականության ապակենտրոնացման եւ ներառականության մոտեցումը՝ մշակութային կյանքին մասնակից դառնալու հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ բնակության վայրից։
Մշակութային սպառման ուսումնասիրությունն այս համատեքստում խիստ կարեւոր գործիք է։ Մշակույթի հասանելիության, մասնակցության ձեւերի եւ հասարակական ընկալումների վերլուծության արդյունքում ստացված տվյալները թույլ են տալիս կառուցել առավել արդյունավետ, ճշգրիտ եւ երկարաժամկետ ծրագրեր։
«ԱՍԱ» ծրագիրը հանդիսանում է Հայաստանի եւ Եվրոպական միության համատեղ նախաձեռնություններից մեկի՝ մշակութային ձեռնարկությունների եւ ստեղծարար բիզնեսների հզորացմանն ուղղված «Կատապուլտ» ծրագրի շարունակությունը՝ վկայելով արձանագրված դրական արդյունքների մասին: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ստեղծարար եւ նորարարական ոլորտները։
Լիահույս եմ, որ այսօրվա հանդիպումը եւս կնպաստի ստեղծարար արդյունաբերությունների զարգացման համար նոր գաղափարների ձեւավորմանը եւ միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակմանը», – մասնավորապես նշվում է նախարարի խոսքում։
Նախարարը նաեւ ընդգծել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ռազմավարական կարեւորությունը՝ հայ արվեստագետների եւ մշակութային գործիչների ներկայացվածությունը միջազգային հարթակներում ապահովելու, մշակութային երկխոսությունը եւ ստեղծարար տնտեսության զարգացումը խթանելու տեսանկյունից։
Համաժողովն անցկացվել է պանելային քննարումների ձեւաչափով։
Տեղացի եւ միջազգային փորձագետների, որոշում կայացնողների եւ ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ քննարկվել են մշակութային քաղաքականության հիմնարար հարցեր, որոնք վերաբերել են ռեսուրսների եւ հնարավորությունների ապակենտրոնացմանն ու թվայնացմանը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարներին, արվեստագետների իրավունքներին, մշակութային եւ ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցությանը։
Պանելային քննարկումներն ուղեկցվել են տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ:
Կարող ենք ասել՝ «ԱՍԱ» համաժողովը հանդես է գալիս որպես կարեւոր հարթակ, որտեղ միավորվում են պետական կառույցները, միջազգային գործընկերները եւ ստեղծարար համայնքը՝ Հայաստանի մշակութային ու ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը քննարկելու եւ նոր ուղղություններով առաջ մղելու նպատակով։ Քննարկված մոտեցումները՝ թվայնացում, նորարարություն, ներառականություն, վկայում են, որ մշակույթը դիտարկվում է ոչ միայն որպես ազգային ինքնության բաղադրիչ, այլեւ որպես տնտեսական ու հասարակական առաջընթացի շարժիչ ուժ։
Համաժողովը փաստում է, որ Հայաստանի մշակութային զարգացման համար վճռորոշ է շարունակական համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը եւ միջազգային փորձի ներգրավումը ու, որ երկրի ստեղծարար ներուժը կարող է դառնալ մրցունակ ու ազդեցիկ գլոբալ հարթակում։
Ն. ԱՂԱՍՅԱՆ



















































































