Armenian text to speach

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ զրուցել է Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքացիների անձնական կյանք ներխուժելու, մասնավոր տարածքում իրականացվող նկարահանումների եւ այս պայմաններում քաղաքացու՝ պաշտպանվելու հնարավորությունների մասին։

 

-Պարո՛ն Ասլանյան, այսօր մարդը պաշտպանվա՞ծ է Հայաստանում։

-Հատկապես այլախոհություն եւ հակադիր կարծիք ունեցող մարդը ոչ միայն պաշտպանված չէ, այլեւ ցանկացած պահի կարող է ենթարկվել ե՛ւ բռնության, ե՛ւ ապօրինի քրեական հետապնդման։

-Ինչպե՞ս կգնահատեք երկրի այս վիճակը։

-Գնահատում եմ ոչ միայն որպես փաստաբան, այլեւ որպես ՀՀ քաղաքացի։ Տեսնելով մեր շրջապատի իրադարձությունները՝ ստիպված եմ ասել, որ այսօր Հայաստանում իրավունքն ու օրինականությունը անտեսված են։ Այդ սահմանադրական սկզբունքն այս պահին պարզապես չի գործում։

-Իսկ նախկինում ինչպե՞ս էր, պարո՛ն Ասլանյան։

-Իհարկե, նախկինում նույնպես թերություններ կային, ամեն ինչ անթերի չէր։ Բայց տարբերությունը մեծ է. նախկինում կային կարմիր գծեր, որոնք չէին անցնում։ Ներկայիս իշխանության պայմաններում այդ կարմիր գծերը վերացված են առհասարակ։

-Մեր գործունեության ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը շատ է լուսաբանել մարդու իրավունքների խախտումները, բայց չեմ հիշում դեպք, երբ ներխուժեին մարդու անձնական տարածք ու, դիցուք, լոգարանում տեսանյութ հրապարակեին։ Այս պայմաններում քաղաքացին ինչպե՞ս կարող է պաշտպանվել։

-Քաղաքացու պաշտպանության մեխանիզմները ամրագրված են թե՛ օրենքներով, թե՛ միջազգային եւ տեղական նախադեպերով։ Եթե ասենք, որ օրենսդրական հիմքերը թերի են՝ սխալ կլինի։ Հայաստանը ունի անհրաժեշտ բոլոր մեխանիզմները։ Խնդիրը դրանց չգործելու մեջ է։

Օրվա իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի այդ մեխանիզմները չաշխատեն՝ իշխանությունը պահելու նպատակով։ Իսկ երբ ճնշվում են դատարանների անկախությունն ու իրավապահ մարմինների ինքնուրույնությունը, անխուսափելիորեն խախտվում են նաեւ քաղաքացիների իրավունքները։

Ինչ վերաբերում է լոգարանում՝ մասնավոր միջավայրում տեսագրություններին, դրանք կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ եւ միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար կասկածվող անձանց նկատմամբ։ Վճռաբեկ դատարանը եւս հստակ բացատրել է՝ նման օպերատիվ միջոցառումները ծայրահեղ լուծումներ են եւ կիրառելի են միայն այն դեպքում, երբ այլ եղանակով տեղեկությունը հնարավոր չէ ստանալ։

-Մեզ հետ զրույցում նշել եք նաեւ համատարած գաղտնալսումների մասին։ Ինչպե՞ս կարող են պաշտպանվել ընդդիմադիրները, հոգեւորականները կամ պարզապես իշխանությանը քննադատողները, երբ նրանց անձնական տվյալները ցանկացած պահի կարող են հայտնվել իրավապահների ձեռքում։ Մասնավոր կյանք ներխուժելը անթույլատրելի են համարում անգամ իշխանության որոշ ներկայացուցիչներ, այն դեպքում, երբ հենց վարչապետն առաջինն է խոսել այդ թեմայով։

Այս պայմաններում քաղաքացու պաշտպանվելու հնարավորությունները շատ սահմանափակ են։ Երբ պետական մեքենան գործում է իր ամբողջ ուժով, քաղաքացու միակ իրական պաշտպանության միջոցը մնում է իր քվեն՝ օրվա իշխանությանը հեռացնելու համար։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 




Լրահոս