Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «ԱրմԼուր.ԷյԷմ»-ի տաղավարում անդրադարձավ ԱՀ ԱԺ գործունեությանը, արցախահայության սոցիալական խնդիրներին եւ մի շարք այլ հարցերի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «ԱրմԼուր.ԷյԷմ» կայքում։
-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ գործունեություն է այսօր ծավալում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։ Տարին մոտենում է ավարտին, եւ հետաքրքիր է իմանալ, թե ինչով են զբաղված պատգամավորները։
-Ցավով պետք է նշեմ, որ գործունեությունը, ընդ որում՝ պայմանավորված նաեւ որոշ պատգամավորների մոտեցումներով, չի կարող շատ ակտիվ լինել։ Ակտիվ հատվածը քիչ է, բայց նրանք փորձում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, ոչ թե պաշտոնին, առավել եւս՝ երբ չկա նախկին հարմարավետությունը։ Այդ ակտիվ պատգամավորները թույլ չեն տալիս, որ ՀՀ իշխանությունների ունեցած ցանկությունները իրականանան՝ այսինքն, որ ինստիտուտը վերանա որպես այդպիսին։ Հիմնականում մեր ամենակարեւոր գործը միջազգային հարթակներում քաղաքական ուղղվածությամբ տարաբնույթ դերակատարների հետ ամենօրյա շփումներն են՝ Արցախի եւ արցախցիների վերադարձի իրավունքը բարձրաձայնելու նպատակով։
Սա կարեւորում եմ, որովհետեւ թեեւ առկա ներքին բոլոր խնդիրները Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում են, սակայն միջազգային հարթակների դերակատարումը խիստ անհրաժեշտ է։ Այս իշխանությունները հավերժ չեն, բայց կարեւոր է, որ ժամանակի ընթացքում Արցախցիների իրավունքները չմարեն եւ չմոռացվեն։ Երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, այդ հարցը պետք է լինի նրանց օրակարգում։
-Տիկի՛ն Հակոբյան, արցախցիներին կոչ են անում մնալ այստեղ՝ մայր հայրենիքում։ Ի՞նչ է արվում, որպեսզի նրանք չարտագաղթեն եւ կարողանան այստեղ ապրել, աշխատել եւ արարել։
-Իրականում արտաքին քաղաքականության մեջ մենք ավելի մեծ հաջողություններ ենք գրանցում, քան Հայաստանի Հանրապետության ներսում։ Միջազգային հարթակներում դեռ չի եղել մի դեպք, որ մեր իրավունքների հարցը չընկալեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին դաշտին՝ քաղաքականություն, որպես այդպիսին, փաստացի գոյություն չունի, այստեղ քաղաքականություն ասելով՝ մահակներ են հիշում։
Արցախցիների հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուրն իր մաշկի վրա է զգում։ Մենք շարունակաբար արձանագրում ենք խնդիրները՝ փորձելով տարբեր առիթներով ինչ-որ լուծման մասնակցել։ Վերադարձի մասով՝ բացի ընդդիմության մեր գործընկերներից եւ արտախորհրդարանական քաղաքական ադեկվատ հատվածից, գրեթե ոչ ոք ընկալում չունի այդ հարցի վերաբերյալ։ Եվ դա գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման ու պայմանավորվածությունների արդյունքն է։
Սոցիալական առումով իրավիճակն իսկապես ամենացավալին է։ Շատերը չեն գիտակցում, որ սա նույնպես քաղաքականություն է։ Սոցիալական ծրագրերի կազմակերպումը եւս ներքին քաղաքական ուղղվածության դրսեւորում է։ Հասկանալի է դառնում, որ գործող իշխանությունն այս քաղաքականությամբ ունի մեկ նպատակ՝ արցախցիներից ազատվել։ Արտագաղթի ծավալները բոլորս ենք տեսնում։ Կան նաեւ տարատեսակ կասկածելի ծրագրեր այլ երկրներից, որոնք, ըստ օդում կախված լուրերի, երբեմն ֆինանսավորվում են, ինչու ոչ, Ադրբեջանից կամ Թուրքիայից՝ արցախցիներին Հայաստանից հեռացնելու նպատակով։ Եվ այս ամենը տեղի է ունենում իշխանությունների լռության կամ թույլտվության պայմաններում։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ



















































































