Armlur.am-ը «Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Զրուցել ենք քաղաքականության մեջ արված առաջին քայլերի, 2021 թվականի ընտրություններում անցողիկ ձայներ չհավաքելու եւ այլ հարցերի մասին։
-Պարո՛ն Մարուքյան, Դուք առաջին անգամ քաղաքականություն մտաք որպես փաստաբան։ Լինո՞ւմ են պահեր, երբ հետ եք նայում ու մտածում, որ գուցե սխալ էր քաղաքականությամբ զբաղվելը եւ պետք է շարունակեիք փաստաբանական գործունեությունը։
-Ոչ, նման մտքեր չեմ ունենում։ Բացատրեմ՝ ինչու։ Շատերն ասում են, որ եթե ես իրավագիտության մագիստրոսի աստիճանը ստացել եմ ԱՄՆ-ի լավագույն 20 իրավաբանական դպրոցներից մեկում, նշանակում է՝ կարող էի իրավաբանի շատ հաջող կարիերա կառուցել։ Հարցնում են՝ արդյոք չե՞մ փոշմանում, որ ամեն ինչ թողեցի ու վերադարձա Հայաստան։ Իհարկե՝ ոչ։ Գնացել էի սովորելու, որպեսզի ստացած գիտելիքներս ներդնեմ իմ երկրում։ Ես կարող էի մեծ աշխատավարձ ստանալ իրավաբանի աշխատանքով, բայց ընտրել եմ այլ ուղի, որովհետեւ այդ առաքելությունը փոքրուց եմ զգացել։ Հայրս եղել է քաղաքականության մեջ, ես տանը դեռեւս փոքր տարիքից ռադիոյով հետեւել եմ խորհրդարանի նիստերին։ Քաղաքականությունը միշտ սիրել եմ եւ ոչնչի համար չեմ փոշմանում։
-Պարո՛ն Մարուքյան, Դուք քաղաքականություն մտաք սկանդալներով, որովհետեւ հենց սկզբում պատգամավոր կար, որ ասում էր՝ օգտվել եք «նախկինների» կեղծիքներից ու փաստաթղթեր կեղծելով` դարձել ԱԺ պատգամավոր։ Հետո ստեղծեցիք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ մասնակցեցիք ընտրություններին, սակայն 2021-ին չկարողացաք հաղթահարել անցողիկ շեմը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ։
-2021 թվականին, բացի Նիկոլ Փաշինյանից եւ Ռոբերտ Քոչարյանից, ոչ ոք խորհրդարան չի անցել։ Կարծում եմ՝ դա պայմանավորված էր հետպատերազմյան իրավիճակով, բեւեռացմամբ։ Կային քվեարկության երկու բեւեռացված տարբերակներ, եւ ընտրողները կողմնորոշվում էին՝ ով ունի հնարավորություն Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու։ Ստացվեց հակաբեւեռ քվեարկություն։ Պարզ էր, որ այդ պայմաններում եւ ռեսուրսների անհամեմատելիության պայմաններում խորհրդարան չանցնելը բնական էր։ Այդ շրջանում ո՛չ մենք եւ ո՛չ էլ ուրիշ որեւէ ուժ չէր կարող դառնալ այն բեւեռը, որը կպայքարեր Նիկոլ Փաշինյանի դեմ այնպես, ինչպես «Հայաստան» դաշինքը։ Որեւէ այլ կուսակցություն, դաշինք չուներ այն ռեսուրսները, որն ուներ «Հայաստան» դաշինքը։
Իսկ ինչ վերաբերում է, թե ես սկանդալով եմ մտել քաղաքականություն, նշեմ՝ դա սուտ է. որեւէ փաստաթուղթ չի կեղծվել, ո՛չ ես, ո՛չ որեւէ այլ մեկը չի կարող փաստաթուղթ կեղծել եւ առաջադրվել որպես թեկնածու ու անցնել խորհրդարան: Նման բան չէր կարող լինել ո՛չ նախկին իշխանությունների օրոք, ո՛չ էլ որեւէ այլ իշխանության օրոք:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























