Armenian text to speach

«Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ 53 ՔՆՆԻՉ ԿԱ, ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ՝ 30»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս Ազգային ժողովում հրավիրվել էր հանրային քննարկում՝ «Մարտի 1-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով։ Քննարկմանը, սակայն, «Հայ ազգային կոնգրեսից» ոչ ոքի չէին հրավիրել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ հարակից այլ հարցերով զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։

 

Հարցազրույցի առաջին մասը՝ թերթի նախորդ՝  3194 համարում։

Արամ Մանուկյան.

-Մենք ինքներս էլ էինք Կոնգրեսում քննարկել, թե ինչու մեզ չեն հրավիրել ԱԺ՝ «Մարտի մեկի» վերաբերյալ քննարկմանը։ Պատասխանն այսպիսին էր՝ հարմար չէր, որ մեզ էլ հրավիրեին, որովհետեւ այն, ինչ պետք է ասեինք, կամ այն, ինչ հիմա կասեմ, իրենց ականջին ամենեւին հաճելի չէ։ Մենք վերլուծել էինք նաեւ՝ ինչու էին այդ հրավերն առհասարակ կազմակերպել։ Դա ծիծաղելի երեւույթ է, որովհետեւ «Մարտի մեկի» բացահայտման շահառուն ամենեւին Նիկոլ Փաշինյանը չէ, ինչպես որ նախորդ իշխանությունները չեն նաեւ։ Այդ դեպքում՝ ինչու այդ շոուն արեցին։ Ընդ որում՝ արեցին հայտարարություններով, թե «Մարտի մեկը» անպայման պետք է բացահայտվի, որ դա խարան է մեր ժողովրդի ճակատին, որ հանցագործները պետք է պատժվեն։ Ժողովրդի ականջից լապշա էին կախում այսպես կոչված, քանզի այդ գործը եւ քաղաքական դաշտը լավ իմացող մարդկանց համար ակնհայտ էր, որ իրենց կազմակերպած այս քննարկումը ծաղրածուի վարմունք է։

Որպեսզի իմ գնահատականները մերկապարանոց չլինեն, ուզում եմ փաստեր բերել. նախկին դատախազ Արթուր Դավթյանի օրոք, նրան, ի դեպ, նշանակել էր Սերժ Սարգսյանը, մենք՝ «Հայ ազգային կոնգրեսը» եւ մի շարք իրավապաշտպան կառույցներ, համատեղ դիմել ենք դատախազություն։ Համաձայնություն էինք ստացել այդ գործերը վերաքննելու համար։ Շուրջ 40 գործով արդարացումներ են տեղի ունեցել, այսինքն՝ արդարությունը հաղթել է։ Մարդիկ, ովքեր ոչինչ չէին արել, կամ մի ոստիկանի ցուցմունքով էին բանտ նստել ապօրինի կամ ոչ այդքան ծանր մեղադրանքով, արդարացվել են։ Դրան նպաստել են նաեւ եվրոպական դատարանի որոշումները, այդ թվում՝ վերջին որոշումը։ Մոտ 10 մարդ (թիվը տատանվող է, կան գործեր, որոնք դեռ ընթացքի մեջ են) արդարացում է ստացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսինքն՝ եվրոպական դատարանն ապացուցել է, որ մեղավորը գործող իշխանություններն են եղել, եւ արդարացումներ է տվել նշված անձանց։

Արթուր Դավթյանի՝ աշխատանքից դուրս գալուց հետո գլխավոր դատախազ նշանակվեց Աննա Վարդապետյանը։ Նրան մենք նշածս եվրոպական կազմակերպության հետ կրկին գրություն էինք ուղարկել, որ շարունակվի այդ գործընթացը՝ մարդկանց արդարացումները, քանզի նրանք որեւէ մեղք չեն գործել, իսկ այնտեղ աբսուրդ, անհեթեթ գործեր կան։ Այդ գործերը այնքան ակնհայտ սարքված էին, որ հիմնավորելու կարիք չկա։ Սակայն Աննա Վարդապետյանը մեզ պատասխանեց, որ այլեւս նպատակահարմար չէ այդ մարդկանց արդարացման գործընթացը կազմակերպել։ Այսինքն՝ ՔՊ-ի իշխանության ժամանակ, ՔՊ-ի նշանակած դատախազով եւ ՔՊ-ի հավաքած Սահմանադրական դատարանով «Մարտի մեկի» գործը փակվել է։

-Պարո՛ն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը առիթը եւ հնարավորությունը բաց չի թողնում՝ հայտարարելով, որ «Մարտի մեկը» բացահայտված է, պարզապես մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այդ ո՞ւմ նկատի ունի նա։

-Իր ձեռքում այնպիսի հնարավորություններ կան, որ շատ հեշտ կարող է պարզել, եթե գոնե ցանկություն ունենա։ Հակառակը կպատմեմ՝ կրկին փաստերով։ «Մարտի մեկի» բազմահատոր՝ 800 հատորանոց գործը, որտեղ կան 1500 տուժող, 10 զոհ, 150 քաղբանտարկյալ, այդ ամբողջ համալիր գործի քննչական աշխատանքում ներգրավվել է ընդամենը 30 քննիչ։ Ինչո՞ւ եմ սա շեշտում. Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչ է ներգրավված, սրբազանների գործով՝ 52 քննիչ։ Բոլորին պարզ է, չէ՞, որ անհամեմատելի են Սամվել Կարապետյանի գործն ու մարդկանց սպանությունների, վիրավորների գործը։ Բայց իրենք 50-ից ավելի քննիչ են ներգրավել ոչ այդ լրջության գործերի համար։ Ակնհայտ է՝ սա քաղաքական է եւ ոչ իրավական գործընթաց։

Այսօրվա դրությամբ Քննչական կոմիտեում, դատախազությունում, դատարաններում «Մարտի մեկի» գործով զբաղվող նույնիսկ կես մարդ չկա։ Ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին խանգարում՝ գործի գցել այդ կառույցները, եթե այդքան շահագրգռված է Մարտի մեկի մեղավորներին գտնելու հարցում։ Մոտ 3 ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, որ Հայաստանի իշխանությունների մեղքով է նաեւ, որ այդ գործը չի բացահայտվում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները չեն արել ամեն ինչ՝ այն բացահայտելու համար։ Այդ դեպքում ինչու էին այդ լսումները։ 2021 թվականի ապրիլին Հայաստանի Սահմանադրական դատարանը Ռ. Քոչարյանին եւ թիմին, որ մեղադրվում էին «Մարտի մեկի» գործով, լիովին մաքրել է մեղադրանքներից, եւ դա արվել է հենց այս իշխանության ժամանակ։ Այս լսումները, որոնք կայացել են, եղել են պարզապես ցուցադրություն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ես դա անվանում եմ պոպուլիստական դիկտատուրա։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 




Լրահոս