Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվել։
Շինարարները տեղեկացրել են համայնքային ոստիկանին, վերջինս էլ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։ Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու եւ մանրամասներ ճշտելու։ Քրիստոնեական թեմայով պատկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանը առանձնակի գրավչություն է տալիս կոթողին եւ ընդգծում բացառիկությունը։
Գրեթե ամբողջական մեկ կոթողից զատ՝ հայտնաբերվել են նաեւ առանձին կտորներ։ Բնակիչների փոխանցմամբ՝ առաջին դեպքը չէ, նախկինում էլ խեցեղենի կտորներ են գտնվել գյուղի տարբեր հատվածներում։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքում տաճար է եղել։
Հնագետները արդեն սկսել են ուսումնասիրել նորահայտ քանդակազարդ կոթողը՝ պարզելու համար պատկերների նշանակությունը, դրա ստեղծման թվականը եւ մյուս մանրամասները։ Առաջիկայում, նոր տեղեկություններ ստացվելու դեպքում, դրանք կներկայացնենք։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























