«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ Որպես հիմնական երկու թեկնածուներ՝ դիտարկվում են ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որոնք կպահեն լոյալություն՝ մինչեւ տեսնեն, թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի:
Գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցությունը Հայ Առաքելական Եկեղեցում՝ Գարեգին Բ-ի լիազորությունների ավարտից հետո։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ հրապարակեց սցենար, ըստ որի՝ Գարեգին Բ-ի հեռացումը արդեն ընթացքի փուլում է:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական «այցերը»՝ ներառյալ նրանց, ովքեր ստորագրել էին կամ չէին ստորագրել եպիսկոպոսաց ժողովից հետո տարածված հայտարարությունը։
ArmLur.am-ին ներկայացրած տվյալներով՝ նրանց հետ հանդիպումների ժամանակ փոխանցվում է, որ «Կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է», իսկ գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել հետեւյալը.
– Գարեգին Բ-ի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում,
– Արշակ սրբազանի կալանավորում,
– եւ վերջում՝ Գարեգին Բ-ի կողմից սոցիալական ցանցում հրապարակվելիք հրաժարականի նամակ՝ մեկուսի պայմաններից։ Այսինքն՝ գերության միջից:
Միեւնույն ժամանակ Մայր Աթոռը շարունակում է լռել՝ չհերքելով եւ չհաստատելով այս տեղեկությունները։ Թեմական մի շարք առաջնորդներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն ստորագրել վերջերս տարածված հայտարարության տակ, ինչը խորացրել է ներեկեղեցական լարվածությունը։
Ռիսկային փուլ՝ եկեղեցի-պետություն հարաբերություններում
Եթե ArmLur.am-ի նկարագրած զարգացումները շարունակվեն, ապա առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն գործող Կաթողիկոսի, այլեւ ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցու ապագայի համար։
Այս համատեքստում է, որ իշխանական շրջանակներում սկսում են քննարկվել նաեւ հնարավոր փոխարինողների անունները, որոնցից, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, առավելագույն հավանություն են ստանում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Արամ Ա-ն։
Իսկ թե ինչպես է հաջողվում իրավապահներին ճնշել տարբեր թեմերի առաջնորդներին եւ հանել նրանց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ կներկայացնենք առաջիկայում, երբ ամբողջական տվյալները հայտնի դառնան մեզ:
Մինչ այդ շեշտենք, որ Մայր Աթոռից որեւէ կերպ չեն արձագանքում հակաեկեղեցական նոր ճնշումների մասին մեր տեղեկություններին: Միայն հայտնի է, որ Փաշինյանը շարունակում է դարավոր մեր եկեղեցին պառակտել ներսից՝ եկեղեցականների մասնակցությամբ եւ ջանքերով:
2
Նախկին առաքիչը` ՔՊ պատգամավորի թեկնածու
«Սիրելի ընկերներ, առաջադրվել եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ընտրություններում ձեզ խնդրելու, հորդորելու եւ առաջարկելու եմ ընտրել ՔՊ-ին»,- երեկ այս մասին հայտնեց Վալոդյա Հակոբյան անունով մի երիտասարդ: Կմտածեք՝ ով է նա, որ հայտարարել է առաջադրվելու մասին: Նա ՔՊ քարոզիչներից է, օրումեջ հանրայինի եթերում կռիվ է անում, բղավում, որ փորձի նմանվել Նիկոլ Փաշինյանի «ճղճղան կերպարին»:
Մենք տեղեկացանք, որ Վալոդյա Հակոբյանը նախկին առաքիչ է: Հասկանալով, որ առաքչի գործով դժվար է ապրելը, մտել է ՔՊ քարոզչական թիմ, հիմա էլ որոշել է պատգամավոր դառնալ:
Այսպիսով՝ իշխանությունը թեեւ մեծ պլաններ է գծել, քաղաքական ամբիցիաներ առաջադրել, բայց դեռ ՔՊ-ի հույսը նախկին առաքիչներն են` կասկածելի կրթական ցենզով, կասկածելի անցյալով:
Երբեմնի առաքչի կենսագրության մյուս մութ էջերին կանդրադառնանք առաջիկայում:
3
Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՔՊ-ի «դեմքով» միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ որոշ հոգեւորականների դեմ չէ, որ արշավ է սկսել. նոյեմբերի 21-ին իրավապահները ձերբակալեցին, ապա դատավորի որոշմամբ կալանավորեցին «Աֆոն» մականունով հայտնի քրեական ենթամշակույթի աստիճանակարգով ամենաբարձր տեղը զբաղեցնող «օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանին, «Մասիվցի ժիրո» մականունով հայտնի Պարույր Աղաջանյանին: Նրանք, ըստ իրավապահ շրջանակի, կալանավորվել են այն բանի համար, որ իշխանությունը քաղաքական պահանջներ է դրել նրանց առջեւ, ինչի շուրջ համաձայնության չեն եկել:
Այլ կերպ ասած՝ ՔՊ քաղաքական վենախավը ընտրություններին ընդառաջ որոշել է, որ քրեական ենթամշակույթ կրող, ասել է թե՝ «ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ, որ չխանգարեն իրենց ընտրական գործողություններում, խոչընդոտներ չհարուցեն:
Նկատելի է, որ այս առումով բավականին խելացի է գտնվել օրենքով գող «Զապը»` Անդրանիկ Սողոյանը, որը ՔՊ պահանջներին ընդառաջ է գնացել արդեն երկար ժամանակ, եւ ազատ ապրում է ու ստեղծագործում իր աշխարհում:
4
Հաջորդ տարի շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատվություն է ստանձնելու՝ պատշաճ իրականացնելու COP17 համաժողովը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը գլխավոր դերակատարն է, իսկ փոխնախարարներն իրենց մասով են ներդրում ունենալու։
Անդրադառնանք փոխնախարար Արամ Մեյմարյանին, որը համակարգում է Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը, Կլիմայական քաղաքականության վարչությունը, համակարգում է նաեւ բնապահպանական ՊՈԱԿ-ները։ Փոխնախարարի համար նախորդ տարին բավականին արգասավոր է եղել։
Արամ Մեյմարյանը տարեսկզբին հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան Երեւանում եւ 1 հողամաս Նոր Արտամետ համայնքում։ Նախորդ տարի անհատական բնակելի տուն է նվիրատվություն ստացել Էրեբունի վարչական շրջանում։
Մեյմարյանը փոխնախարար դարձել է 2022 թվականին։ Մինչ այդ, 2016 թվականին գնել է Lexus մակնիշի մեքենա։ Փոխնախարարը նախորդ տարի ամերիկյան ավտոաճուրդից գնել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա 18 մլն 600 հազար դրամ արժեքով։ Նույն տարում Մեյմարյանը MERCEDES-BENZ-ը վաճառել է 20 մլն դրամով՝ շահելով 1 մլն 400 հազար դրամ, իսկ Lexus-ը՝ 10 մլն 200 հազար դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 9 մլն 982 դրամ եւ 333 դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել 40 հազար 450 ԱՄՆ դոլար, 750 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 87 մլն 186 հազար դրամ, որից 14 մլն 36 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է շրջակա միջավայրի նախարարությունից։ Եկամուտներից 18 մլն 950 դրամը փոխնախարարը նվիրատվություն է ստացել հորից՝ Գեւորգ Մեյմարյանից, իսկ 3 մլն դրամը՝ Վարդուհի Մեյմարյանից։ Եկամուտներից 30 մլն 200 հազար դրամը մեքենաների վաճառքից ստացված եկամուտն է։ 21 մլն դրամը «ստացված փոխառություն» է։
Փոխնախարարի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 565 հազար դրամ։ Նա վարկի մարմանն ուղղել է 6 մլն 646 հազար դրամ, Ուսման կամ այլ դասընթացների համար վճարել է 2 մլն 5 հազար դրամ, հանգստի համար՝ 2 մլն 686 հազար դրամ: Անշարժ գույքի վերանորոգման համար փոխնախարար Արամ Մեյմարյանը ծախսել է 13 մլն 820 հազար դրամ։
5
Իշխանությունները նպատակ ունեն առաջիկա ամիսներին շատ խիստ լինել բոլոր այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր կակտիվանան` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են բոլոր քաղաքական ուժերը, նոր ստեղծվելիքներից սկսած մինչեւ ընդդիմադիր դաշտում ամենաակտիվները: Բոլորի հետ կապված իրավապահները «պապկաներ» են հավաքել, պատրաստ սպասում են, թե ով որտեղ կսխալվի, որ գործի դնեն կոմպրոմատները:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ իրավապահները ներքին կարգով տարբեր ուժերի ներկայացուցիչների են հրավիրելու բաժիններ՝ ճնշելու, նրանց նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Տեւական ժամանակ է իրավապահներն «աշխատել» են Սրբազան հայրերի ուղղությամբ, հրավիրվել են տարբեր բաժիններ, անձնական տարբեր բնույթի նյութեր են դրվել նրանց դեմ, ինչի համար վերջիններս որոշել են ընդառաջ գնալ Նիկոլ Փաշինյանի պահանջներին եւ Կաթողիկոսի հեռացման համար քայլեր ձեռնարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեւորականների նկատմամբ առաջիկայում ճնշումները գնալով ավելի են ուժեղանալու:
6
Ազգային ժողովում այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ Կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա` դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյայում։ Իշխանություններն այնքան ոգեւորված են այս չարչրկված նախագծով, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաեւ կենսական՝ ՔՊ-ի հեղինակության կամար։
Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի մեկից ուժի մեջ մտցնելը իշխանությանը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն: Սա դեռ բավական չէ, քաղաքացիները 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Այսինքն՝ 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին:























