Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի այն վճիռը, որով արդարացվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար մեղադրվող 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը այցելել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո, երբ նա դուրս էր եկել շենքից, դիմացի շենքի 9-րդ հարկից նրա ուղղությամբ խնձոր էին նետել։ Դեպքի պահին Փաշինյանը եւ նրա պահակախումբը ենթադրել էին, որ նետվածը նռնակ է, ինչի հետեւանքով նրանք միանգամից պառկել էին գետնին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Դեպքից հետո իրավապահները տեղում սկսել էին խուզարկություն, ինչի ընթացքում Ռուբինյանց 2/2 շենքում ձերբակալվել էր դեպքի վերաբերյալ կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Նրա պաշտպան Ռոման Երիցյանը նշել էր, որ նույն օրը ոստիկանության Զեյթունի բաժին էին տեղափոխվել նաեւ Առստամյանի ընտանիքի անդամները՝ երկու դուստրերը եւ թոռնուհին, որոնք, ըստ փաստաբանի, ժամերով պահվել էին բաժնում՝ իրենց կամքին հակառակ՝ մինչեւ առավոտյան ժամը 07։00-ն։
Բացի դրանից, Առստամյանի բնակության վայրը խուզարկվել էր մանկահասակ երեխաների ներկայությամբ՝ խնձոր հայտնաբերելու նպատակով։
Ալբերտ Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, եւ նրա նկատմամբ ընտրվել էր բացակայելու արգելք խափանման միջոցը։
2025 թվականի ապրիլի 11-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել էր միջադեպի գործով վերջին դատական նիստը, որի արդյունքում դատարանը անմեղ էր ճանաչել Ալբերտ Առստամյանին։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Դատախազությունը բողոքարկել էր արդարացման վճիռը։ Ինչպես հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը, Վերաքննիչ բողոքը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, եւ դատական նիստը նշանակվել էր սեպտեմբերի 17-ին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ























