Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման եւ վերականգնման աշխատանքներին:
Մշտադիտարկմանը ներկա են եղել կապալառու, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Փարպիի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները ծանոթացել են պատերի սրսկման, աստիճանների եւ տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ կատարելով մի շարք դիտարկումներ:
Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքում նախարարության ներկայացուցիչները հետեւել են հարավային շքամուտքի դետալների պատրաստման, Ագարակի հնավայրում՝ ծածկի նորոգման աշխատանքներին:
Ամբերդ ամրոցի տարածքում մասնագետները դիտարկել են հուշարձանի վերականգնման լայնածավալ աշխատանքները, ծանոթացել նոր հայտնաբերված հնագիտական առարկաներին: Ամբերդի հնագիտական պեղումների ընթացքում բացվել են նոր շերտեր, մասնագետները քննարկել են դրանց հետագա պահպանման հարցերն ու անվտանգության ապահովմամբ՝ նոր շերտերի բացման հնարավորությունները: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել էին նաեւ Շիրակի մարզի Երերույքի եւ Կոտայքի մարզի Պտղնու տաճարներ, որոնցում մեկնարկել են վերականգնման աշխատանքները։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































