ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:Հանրապետության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ մեծ սիրով է հիշում Իտալիայի միավորման 150-ամյակի առթիվ իր այցը բարեկամ Իտալիա և մասնակցությունը տոնական միջոցառումներին: Ս. Սարգսյանը կարևորել է փաստը, որ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը՝ Վենետիկի ցուցահանդեսը, անցկացվում է նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո:Այս կապակցությամբ Իտալիայի նախագահն ասել է, որ Վենետիկը հայերի համար մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես կրթության, մշակույթի զարգացման առումով կարևոր հենման կետ դառնալով: Ըստ Իտալիայի նախագահի` երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն: Հանդիպմանը երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանի նախագահի աշխատանքային այցը լավ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու հայ-իտալական հարաբերությունները, ուրվագծելու համագործակցության նոր և հեռանկարային ոլորտներ: Հայաստանի և Իտալիայի նախագահներն այդպիսի ոլորտներ են համարել էներգետիկան, մասնավորապես՝ այլընտրանքային, նաև ատոմային էներգետիկան: Նախագահ Սերժ Սարգսյանը իտալական ընկերություններին ևս հրավիրել է մասնակցելու Հայաստանում իրականացվող ծրագրերին, այդ թվում` նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ նկատի առնելով այս բնագավառում Իտալիայի փորձը: Երկու երկրների ղեկավարները տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են գործարարների հաճախակի շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, որի շուրջ Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարներն այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագահ Նապոլիտանոն հույս է հայտնել, որ Ս. Սարգսյանի հանդիպումը Իտալիայի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումների ներգրավման, երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար: Ս. Սարգսյանը և Ջ. Նապոլիտանոն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Քիչ հետո տեղի կունենա Ս. Սարգսյանի հանդիպումը Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ, որից հետո Հանրապետության ղեկավարը Բրասկի թանգարանում ներկա կգտնվի Հռոմում հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությանը, ինչպես նաև կայցելի ,Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջևե խորագրով ցուցահանդեսը:Ավելի ուշ նախատեսվում է Ս. Սարգսյանի հանդիպումները Իտալիայի խորհրդարանի պատգամավորների, պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Նախագահը օրվա ավարտին հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ու Իտալիայի նախագահներն այսօր հանդիպել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ