
2011թ. Հայաստանում Ճապոնիայից ռադիացիայի ենթարկված մեքենաների ներմուծման մի քանի դեպք է գրանցվել։ “ԱրմԻնֆո” գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ այդ մեքենաները հետագայում ապաակտիվացվել են:Մարտիրոսյանի խոսքով՝ ռադիացիայի մակարդակն այդ մեքենաներում ժամում 80 միկրոռենտգեն է կազմել (նորման ժամում 60 միկրոռենտգենն է): Մարտիրոսյանը նշել է, որ ռադիոակտիվ մեքենաները հատուկ մշակում են անցնում և մաքրվում են ռադիացիայից, դրանից հետո միայն մեքենան կարող է անվտանգ համարվել և սեփականատիրոջը հանձնվել: Թե որքան թանկ է նստում սեփականատերերի վրա ապաակտիվացման ընթացակարգը, Մարտիրոսյանը չի հայտնել։”Համենայն դեպս, դա պարտադիր ընթացակարգ է”,– ավելացրել է նա:Գործակալությունը ընդգծում է, որ հայաստանցիներն ավելի հաճախ են սկսել մեքենաներ պատվիրել Ճապոնիայից, քանի որ դրանց գները համեմատաբար ցածր են։ arminfo.am: