Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է մշակել. ինչ է հայտնել Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանելու, բայց միևնույն ժամանակ կոչ է արել դա որպես թուլություն չընկալել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան սրտիկների և սիրո խոստովանության փոխարեն հանրությանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՔՊ վարչության որոշմամբ ընդունված կուսակցության Էթիկայի կանոնագիրքը։

Փաշինյանը գրել էր

«Էթիկայի կանոնագրքում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար` դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։

Իսկ ինչ կետեր կան ՔՊ Կանոնագրքում․

ՔՊ վարչությունը Հովիկ Աղազարյանի փորձով դասեր քաղած Կանոնոգրքում ընդգրկել է կարգապահության հստակ 2 սահմանում՝

  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել կուսակցության ներքին կարգապահությունը, հարգել և կատարել Կուսակցության մարմինների ընդունած որոշումները, ինչպես նաև հանդես չգալ Կուսակցության անունից առանց համապատասխան Կուսակցական մարմնի լիազորության,
  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել ներկուսակցական քննարկումների և կուսակցական մարմինների ներքին՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։
Կանոնագրքում 11 կետ կա․ նշվում է, որ կուսակցության անդամները պարտավոր են գործել ազնիվ և թափանցիկ, բարեխիղճ կատարել իրենց պարտականությունները, ստորադասել անձնական շահը հանրային շահին, խուսափել հովանավորչությունից։

ՔՊ-ականները նաև պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, հարգալից վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում` քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, ոտնձգությունը։ Նրանք նաև պետք է առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերեն պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանեն հանդուրժողականությունը։

Կանոնագրքում կա նաև «օրենքի գերակայություն» վերնագրով մի կետ, որով նշվում է, որ ՔՊ-ականները պարտավոր են ՀՀ սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ ղեկավարվել, ինչպես նաև մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումն ու օրենքի ցանկացած խախտում։ Կուսակցականների կողմից հանցագործության կատարման դեպքում էլ ՔՊ-ն անմիջապես պետք է արձագանքի՝ համապատասխան նյութերը փոխանցելով իրավապահներին։

Եվ, իհարկե, կանոնագրքում տեղ է գտել նաև «կրթություն» բաժինը, որտեղ նշվում է, որ էթիկան նախևառաջ կրթական և քաղաքակրթական հասկացություն է։

Համաձայն Կանոնագրքի Վերահսկող հանձնաժողովը կարող է ինքնուրույն նախաձեռնել վարույթ Կանոնագրքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս