ԱՄԱԼՅԱՆԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը երեկոյան ժամերին «Հայտնություն» խորագրով մի հաղորդաշար է եթեր հեռարձակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կրոնական այդ քարոզչությունը որեւէ առնչություն չունի hայ առաքելական եկեղեցու հետ, ինչը նշանակում է, որ ինչ-որ աղանդավորական կազմակերպություն բացահայտ քարոզչություն է անում հեռուստաեթերից: Փորձեցինք պարզել, թե այս առնչությամբ ինչ է անում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: 1 շաբաթ ՀՌԱՀ-ի մամուլի խոսնակին փնտրել չգտնելուց հետո «Ժողովուրդ»-ը զանգահարեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին: Տխրահռչակ այս պարոնը հունից դուրս եկավ` լսելով աղանդավորական քարոզչության մասին մեր հարցը. «Ո՞վ ա խոսում, «Ժողովուրդ» թերթի՞ց ես, ինչի՞ ես իմ ձեռքի վրա զանգում, դու չես կարա ինձ բացատրես, քու կրթությունն ու դաստիարակությունը թույլ չի տալիս… ախչի՛, զանգի՛ մամուլի ծառայություն»: Թե ինչն այսպիսի «հիստերիայի» մեջ գցեց Ամալյանին, մեզ այդպես էլ անհասկանալի մնաց, բայց պետք է արձանագրենք, որ կրթության ու դաստիարակության մասին մեր պատկերացումներն իսկապես էականորեն տարբերվում են Ամալյանի պատկերացումներից: Պետական չինովնիկին անհարիր պահվածքը մատնում է նրա իրական կերպարը, դրա համար էլ «TV հսկան» հրճվում է, երբ հեռուստաեթերից ամեն օր լսում է «ախչի», «արա» փողոցային դիմելաձեւով երկխոսությունները:




Լրահոս