«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը՝
- «Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը». «Ժողովուրդ» (https://armlur.am/1502574/)
- 16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ» (https://armlur.am/1492853/)
- COVID-19-ի համար Արսեն Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 2․ «Ժողովուրդ» (https://armlur.am/1494965/)
4.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա. Կոռուպցիայի մաս 3. «Ժողովուրդ» (https://armlur.am/1509987/)
- Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել են». Կոռուպցիայի մաս 4․ «Ժողովուրդ» (https://armlur.am/1510313/)
- 623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5. «Ժողովուրդ» (https://armlur.am/1511087/)
- Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6. «Ժողովուրդ» (https://armlur.am/1521256/)
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։
Ֆինանսավորում՝ առանց «Արմեդ»-ի տվյալների
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։
Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։
Հայտը՝ մեկ, փոխհատուցումը՝ միանգամայն ուրիշ
Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝
– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),
– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։
Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։
Ծառայություն չկա, բայց գումարը կա
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝
– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։
Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։
Խաչաձեւ ֆինանսավորում՝ օրենքի խախտմամբ
Հրամանի 6-րդ կետում նշվում է, որ գումարը տրամադրվում է՝ որպես «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» ենթամիջոցառումներում չփոխհատուցված ծառայությունների վարձատրություն։ Բայց վերլուծությունը պարզ ցույց է տալիս՝ այդ ծրագրում չփոխհատուցված ծառայություններ ընդհանրապես չեն եղել. մատուցված բոլոր ծավալները 2020-ին արդեն լիովին փոխհատուցվել էին։
Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման եւ բյուջետային սահմանափակման սկզբունքներին։
Եզրահանգում
Փաստերը հուշում են պարզ ու մտահոգիչ հետեւություն.
71,8 մլն դրամի գումարը հատկացվել է առանց փաստացի հիմքի, առանց էլեկտրոնային հաշվառման, առանց ծառայություն մատուցելու ապացույցի։
Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ կառավարման լուրջ խախտում է, որը գրանցվել է այդ օրերին նախարար եղած Արսեն Թորոսյանի օրոք եւ պահանջում է վերահսկողական մարմինների ուշադրություն եւ իրավական գնահատական։
Առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմտեին այս հրապարակումը ընդունել ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում, որի շրջանկներում պատրաստակամ ենք ներկայացնել առավել մանրամասներ:
2
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները»
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ուղերձ է հղել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Հայաստանում ընթացող, իր խոսքով՝ «հակաիրավական ու հակաժողովրդավարական գործընթացներին»։ Տեսաուղերձի սկավառակն ու տեքստը AntiFake.am-ը պատրաստվում է հանձնել ԵՄ գրասենյակին։
Առաքելյանը նշել է, որ ամուսինը արդեն երկրորդ անգամ է կալանավորվում իշխանություններին քննադատելու համար, իսկ վերջին ձերբակալությունն իրականացվել է ԱԱԾ հատուկ ստորաբաժանման կողմից՝ իրենց տան խուզարկությամբ, երեխաների ներկայությամբ։ Նա նաեւ ընդգծել է, որ իշխանությունների թիրախում է հայտնվել ոչ միայն Սամսոնյանը, այլեւ AntiFake.am հարթակը, որի ամբողջ տեխնիկան առգրավվել է։
Ուղերձում նա հայտարարել է, որ Սամսոնյանի կալանավորումը «բացառապես քաղաքական դրդապատճառներով» է՝ հիշեցնելով ԵԽԽՎ 1900 բանաձեւի այն չափանիշները, որոնց համաձայն, ըստ իրեն, ամուսինը համապատասխանում է «քաղբանտարկյալ» կարգավիճակին։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի բանտերում եւ վերահսկողության տակ, իր խոսքով, «վաթսունից ավելի քաղաքական հետապնդման ենթարկված անձինք» կան։
Առաքելյանը ԵՄ դեսպանին մեղադրել է լռության համար՝ նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։ Նա պահանջել է դեսպանից արձագանք կամ անձնական հանդիպում՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։
3
Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից
Երեւանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանը, շատ կարճ ժամանակ լինելով ավագանու անդամ, հասցրել է մասնակցել պետական գնումներին։ Զաքարյանը գրեթե 1 տարի է, ինչ ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։
Փոխնախարարը 2022-2023 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ։
2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։
Ուսումնասիրելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիրը (https://cpcarmenia.am/declaration/?id=1_176865)՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 8 մլն 580 հազար դրամ, որից 2 մլն 367 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից։
Փոխնախարարը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունից 4 մլն 689 հազար դրամ։ Նույն ընկերությունից Զաքարյանը ստացել է նաեւ 900 հազար դրամ՝ վարձակալության դիմաց։
Է. Զաքարյանը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ-ից 623 հազար դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ին եւ գերմանական s.Oliver հագուստի բրենդի ֆրանչայզերն է Հայաստանում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից։
Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամ դարձել է, ըստ հայտարարագրի 24․03․2022-ին: «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Իրավական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 44.78 %-ը պատկանում է Էդգար Զաքարյանին, իսկ 22.39 %-ը՝ Գեւորգ Զաքարյանին (https://www.e-register.am/am/companies/1570771/declaration/d7ea85a3-3624-4856-b584-7ec5f2f02934)։
Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ի հետ 2022 թվականից պայմանագրեր են կնքել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը եւ Երեւանի քաղաքապետարանը։
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ «շինարարական աշխատանքների» համար կնքվել է 3 մլն 964 հազար դրամ արժեքով պայմանագիր։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքվել է 8 մլն 813 հազար դրամ արժեքով պայմանագիր՝ «կառույցների կառուցման աշխատանքներ «Տերյան 105 հասցեում պտտադռնակի ծածկի եւ անցակետերի իրականացում» ծառայության համար։
Իսկ, ահա, 13․06․2022-ից մինչեւ 05․06․2023-ը կնքվել է 5 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի հետ.
1․ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 143 շենքի բակի հիմնանորոգման աշխատանքներ – 5 մլն 969 հազար 356 դրամ,
2․ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թեքահարթակների կառուցման աշխատանքներ – 1 մլն 134 հազար 430 դրամ,
3․ հենապատերի վերանորոգում – 14 մլն 319 հազար 291 դրամ,
4․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի շրջանակներում ընդհանուր շինարարական աշխատանքներ-6 մլն 176 հազար 520 դրամ,
5․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող․ հ․52 շենքին հարող տարածքի վերակառուցման աշխատանքներ- 3 մլն 921 հազար 600 դրամ։
Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 31 մլն 521 հազար դրամ։
Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամի իր պաշտոնավարումը դադարեցրել է 10․10․2023-ին։
Զաքարյանը 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, հանդիսանում է ՔՊԿ Արաբկիր Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
Ըստ Զաքարյանի կենսագրության (https://www.mineconomy.am/employee/96)՝ նա 2024 թվականից դադարեցրել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի, տնօրենի եւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ (“s.Oliver Group”-ի հայաստանյան գործընկեր) տնօրենի պաշտոնը։«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք այստեղ շահերի բախման կամ կոռուպցիոն ռիսկ չկա, Զաքարյանը բովանդակալից նշեց. «Նախ, ընկերությունը հիմնվել է 2019 թվականին, իսկ քաղաքապետարանի մրցույթներին մատնակցել է եւ որոշ դեպքերում պայմանագրեր կնքել 2020 թվականից։
Փաստեմ նաեւ, որ օրենքով անթույլատրելի որեւէ գործողություն չի արվել իմ եւ այն ընկերության կողմից, որի տնօրենը ժամանակին հանդիսացել եմ ես։
Քանի որ Երեւանի ավագանին քաղաքական մարմին է եւ որեւէ գործառույթ չունի Երեւանի գործադիր աշխատանքներում ընդգրկված մասնագիտական օղակների հետ, նրանք Ավագանու անդամներին ենթակա չեն։ Բացի դրանից, «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ-ն մասնակցել է բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԱՐՄԷՓՍ հարթակով, որի ամփոփումը կատարվում է հայտերը բացելուց հետո՝ օրենքի ուժով։ Նախկինում իմ կողմից ղեկավարած այս ընկերությունը այդ ժամանակահատվածում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, բայց հաղթել է տարվա մեջ 2-3 մրցույթում միայն, բավականին փոքրիկ գներով: Չենք ունեցել ոչ մի «մեկ անձից» գնման օրինակ, եւ մասնակցել ենք բացառապես էլեկտրոնային հարթակով եւ մասնակցածների մեծ մասում հաղթող չենք ճանաչվել։
Ասեմ ավելին՝ 1-2 պայմանագրերում ուշացումներ ենք ունեցել, ինչի արդյունքում տուգանվել ենք ընդհանուր մոտ 800 հազար դրամով։
Այս ամենից հետո էլ 2023-ին մեր ընկերության կողմից որպես բարեգործություն իրականացրել ենք Երեւանի թիվ 144 դպրոցի 2 դասարանների վերանորոգում՝ մոտ 2 մլն դրամի ներդրումով, մինչդեռ բոլոր տարիների՝ քաղաքապետարանի հետ գործարքներից ստացված շահույթը անգամ 1 մլն դրամ չէր կազմում, քանի որ պայմանագրերը շատ փոքրիկ էին։
Այսքանից կարծում եմ պարզ է դառնում, որ այստեղ որեւէ կոռուպցիոն ռիսկ կամ անձնական միջամտում չի կարող լինել, հակառակ դեպքում վերոշարադրյալ պատկերն ուղղակի չէր լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Զաքարյանը։
Ստացվում է, որ Էդգար Զաքարյանը 2022 թվականի մարտից դարձել է Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ, ապա քաղաքապետարանը սկսել է վերջինիս հիմնադրած ընկերության հետ կնքել պայմանագրեր հունիսից, ապա 2023 թվականի հոկտեմբերից դադարեցրել է ավագանու անդամ լինելը։ 2023 թվականից երեւանի քաղաքապետարանը դադարել է նաեւ ընկերության հետ պայմանագրեր կնքելը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնավարման ընթացքում Էդգար Զաքարյանի հիմնադրած ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 5 պայմանագիր։
4
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւս առաջադրվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:
Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ԱԺ-ում, որոնցից երեքը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են:
Տեղեկացանք, որ այս անգամ եւս ՔՊ նախընտրական ցուցակում առաջադրվել է ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է:
Նշված երեք անձինք էլ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն են:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջադրվել է նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6 եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատագամավոր է եղել, կրկին ՔՊ խմբակցությունից, նախկինում՝ ՀՀԿ-ից:
Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:
Հավելենք, որ 2026-ի ընտրություններից հետո դեռեւս Դոնթի բանաձեւով պետք է բաշխվի, թե ի վերջո որ պատգամավորներն են անցնելու հաջորդ խորհրդարան:























