
Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումների շուրջ արված դիտարկումներին:
«Համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ: Վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծվել է երկրում:
Նրա խոսքով՝ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել նաև խորհրդարանական համակարգի անցնելու միջոցով:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ժամանակ առ ժամանակ նկատվող ակտիվությանը՝ նա նշեց.
«Ինձ համար որպես քաղաքական երևույթ` անհասկանալի է «պախկված» տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է անել բացահայտ: Անցել են այն ժամանակները, որ քողարկված ժամանակ առ ժամանակ քայլեր էին կատարվում: Եթե դու ուզում ես քաղաքականություն վերադառնալ, ապա պետք է բացահայտ ասել, թե որոնք են քո ծրագրերը, և նման գործելաոճին վերջ տալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե այժմ չի տեսնում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը, իսկ իշխանությունների պարզաբանումները համարում է անհիմն և հեղհեղուկ:
Նաիրա Հովհաննիսյան