Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը հանգամանալից անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը քննարկել են առաջիկա բարձրաստիճան միջոցառումների՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների անցկացման հարցերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների շուրջ։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանմաժողովին։
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ինչպես նաև Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրակարգը։

























































































