Armenian text to speach

Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն. Վահե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին քննարկումներին ակտիվ մասնակցության եւ առաջարկներ ներկայացնելու համար: Ներկայացվել են շուրջ 30 առաջարկ եւ հարցում, որոնց մեծ մասը վերաբերելի են տարբեր միջոցառումների ծախսերի ավելացմանը: Ըստ նախարարի՝ դրանք ուսումնասիրվել են ճյուղային նախարարությունների կողմից եւ տրամադրվել են մանրամասն պարզաբանումներ: Առաջարկներից 15-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել է, 3 հարցումի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, 12-ը չի ընդունվել:

Նախարարի տեղեկացմամբ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել: Ըստ կանխատեսումների՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 933 մլրդ դրամ՝ աճելով 5,4 տոկոսով: Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն ըստ 2026 թվականի նախնական նախագծի՝ 53,5 տոկոսի համեմատ նվազել է 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 52,9 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0,2 մլրդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0,8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային եւ աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաեւ նպատակային դրամաշնորհների վերանայմամբ: Այլ եկամուտների՝ 0,6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատմամբ, ինչպես նաեւ փոխարժեքի փոփոխությամբ: Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 4,5 տոկոսի մակարդակում եւ կազմում է 536,8 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազել է 0,7 մլրդ դրամով:

Վահե Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ ոլորտային ծախսերում կատարված փոփոխությունները:

Նախարարի արձանագրմամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները զարգանում են արագ աճող հնարավորություններին համընթաց: Այդ զարգացումը, ըստ նրա, պատահական եւ ժամանակավոր երեւույթ չէ, այլ խորապես գիտակցված գործընթաց է, որն ուղղորդվում է պետության կարեւորագույն կառուցակարգերի զարգացմամբ: «Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժե ապրել եւ ստեղծագործել, իսկ միջազգային ներդրողներին ու գործընկերներին, որ Հայաստանը կանխատեսելի, հուսալի վայր է տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում զարգանալու անչափելի հնարավորություններ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ, քան երբեւէ. կայուն տնտեսությամբ, կառավարելի ու կայուն պարտքի մակարդակով եւ ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ ձեռնարկված բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքներըգ տնտեսության ներուժն ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային ու արդար:

Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարբեր ոլորտներում նախատեսված հատկացումների, ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը: Պատգամավորն անհամաձայնություն է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարի հնչեցրած որոշ տեսակետների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ հանրապետության բնակչության շուրջ 75 տոկոսը  միջինից ցածր աշխատավարձ է ստանում: Պատգամավորն անդրադարձել է նաեւ անհուսալի վարկեր ունեցող վարկառուների մեծ թվին, տնտեսական աճի, պետական պարտքի աճի  հետ կապված հարցերին:




Լրահոս