Նախագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կանոնակարգող երկու հիմնական օրենքներում առկա որոշ դրույթներ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ծառայության հետ կապված հարաբերություններն առավել հստակ կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը:
««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 3-ի հերթական նիստում:
Եսաի Մկրտչյանի ներկայացմամբ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից ծառայության՝ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի: Առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաեւ՝ տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:























