Ուկրաինան նախօրեին դրոններով հարվածել էր Ռուսաստանի Տամբովի և Վորոնեժի մարզերում գտնվող երկու նավթագազային պահեստների։
Տամբովում նահանգապետը հայտնել է, որ «դրոնի մնացորդներից» նավթապահեստում հրդեհ է բռնկվել։ Վնասված օբյեկտի անունը չեն նշել, սակայն ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ հարվածը հասցվել է Նիկիֆորովսկայայի պահեստին, որտեղ պահվում էր դիզելային վառելիք։
Վորոնեժում ևս հաղորդվել է հարվածի մասին․ անօդաչուի ընկնելու հետևանքով մի քանի վառելիքային տարաներ վնասվել են, բայց հրդեհ չի եղել։ Երկու դեպքում էլ զոհերի մասին տեղեկություն չկա։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, թե գիշերվա ընթացքում «խոցել և ոչնչացրել» է 102 ուկրաինական դրոն։
Դեկտեմբերի 2-ին ուկրաինական դրոնները նաև հրդեհ էին առաջացրել «Ռոսնաֆթ»-ի մեկ այլ պահեստում՝ Օրյոլի մարզի Լիվնի քաղաքում։





























