Հեռախոսազանգի իշխանության դեպքում ի՞նչ ներդրումային դաշտ. Վ. Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՊԵԿ-ի կողմից ներկայացված  այլընտրանքային  հարկային ստուգումների համակարգի ներդրման առաջարկին: Այդ առաջարկը, ըստ Գագիկ Խաչատրյանի, կբարելավի ներդրումային միջավայրը և զերծ կպահի ներդրողներին հարկային ռիսկերից:

Armlur.am լրատվականը  տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից  հետաքրքրվեց` արդյոք հարկային այդ համակարգի ներդրմամբ պետք է բարելավել ներդրումային միջավայրը: Տնտեսագետն ասաց,  որ ներկայիս կառավարության գործողությունները չպետք է մեկնաբանել, քանի որ դրանք իրականության հետ և տնտեսությունը բարելավելու հետ կապ չունեն:

«Ներդրումային միջավայրը բարելավելու համար ընդհանուր քաղաքականությունը պետք է փոխվի: Պետք է ներդրողները  համոզված լինեն, որ Հայաստանում չկա կոռուպցիա, հովանավորչություն,որ դատական համակարգը գործում է: Ներդրողին օրենսդրական  նման փոփոխությունները ոչինչ չեն տա, ավելին, սրանք ոչինչ չասող երևույթներ են»,-ասաց  ՀԱԿ անդամը` հավելելով, որ կա  հեռախոսազանգի իշխանություն, որի դեպքում հնարավոր չէ ներդրումային միջավայրը բարելավել:

-Պրն Խաչատրյան, արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում է փոքր և միջին բիզնեսը զարգացնելու մասին, արդյոք նորանշանակ վարչապետն ունի նման ցանկությո՞ւն, թե դրանք ուղղակի հայտարարություններ են:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել որևէ հայտարարություն, որովհետև  ներկայիս իշխանության ոչ մի հայտարարություն կապ չունի իրականության հետ: Շատ կարճ ժամանակ անց կհամոզվեք, որ Հայաստանում չկա ոչ փոքր, ոչ էլ միջին բիզնես: Առանց համակարգի ամբողջական փոփոխության,  չի լինելու որևէ փոփոխություն:

-Այսինքն` իշխանափոխության դեպքո՞ւմ է միայն հնարավոր  տնտեսական խնդիրները լուծել:

-Հայաստանում տնտեսական խնդիր չկա: Կա միայն քաղաքական խնդիր: Տնտեսական հարցերի լուծումը քաղաքական դաշտում է: Կլինեն քաղաքական փոփոխություններ, կլինեն նաև տնտեսական փոփոխություններ:

Սոնա Դավթյան




Լրահոս