Armenian text to speach

Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական վարորդական վկայականներով վարելու մասին հուշագիրը կառավարությունը վավերացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում կվավերացնի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը կկարգավորի Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները։
Այն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում։

Մասնավորապես՝

1․ Հուշագրի Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է Հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս Կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։

2․ Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում Հուշագրի յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Հուշագրի վավերացումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից: Այն, մասնավորապես, կնպաստի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի վավերացումը համարում է նպատակահարմար»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Էմմա Միքայելյան




Լրահոս