ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը, ինչպես արդեն հայտնել էինք, եղել է ՔՊ պատգամավորի թեկնածու: Նրա վարույթում է գտնվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը։
Հովիկ Հովսեփի Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք: 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը վրդովվել է առաջարկից, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























