Պահանջում ենք ճանաչում և հատուցում. ՀՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց: 

Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը: 

Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան քսան պետություն և միջազգային կազմակերպություն: Սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` նա դառնում է անցյալի ոճրագործության մեղսակիցը:

Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբևէ պետք է դատապարտվի, և հայ ժողովուրդն արդար հատուցում ստանա: 

Մենք զորակցում ենք հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին, քանզի դրանք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը և նոր ոճրագործությունների կանխմանը: 

Մենք մերժում ենք այդ հարցում դրսևորվող շահախնդիր մոտեցումներն ու խուսանավումները և կոչ ենք անում աշխարհի առաջատար պետություններին ջանքեր գործադրել հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: 

Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին: Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել և չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել:

Պահանջում ենք ճանաչում և հատուցում»:




Լրահոս