
Հայաստանցի պատանի ըմբիշները կմասնակցեն մայիսի 6-11-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, մեր մարզիկները կպայքարեն մրցաշարի մեդալների համար և կձգտեն օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել:
Հատուկ հաշվի առնելով այս փաստը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որոշել է Բուլղարիա գործուղել նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանին՝ ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի մարզիչներին օգնելու համար: