«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին միացած 10 ուխտադրուժ, տիրադավ եպիսկոպոսների շարքում հատկապես անհասկանալի ու զազրելի էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը․ շատերն են հետաքրքրված՝ այդ ի՜նչ աշխարհացունց կոմպրոմատ են դրել եպիսկոպոսի առաջ, որ անկարող է եղել մերժել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը, ուրացել է հայրենիքը, միացել հայրենավաճառ խմբակին եւ դուրս եկել Վեհափառի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ։
Գաղտնիք չէ, որ Փաշինյանին միացած բոլոր ուխտադրուժների դեմ աշխատել է ԱԱԾ-ն եւ նրանց շանտաժի ենթարկել․ մեկին՝ ընտանիք ունենալու, մյուսին՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման, երրորդին՝ բիզնեսների համար։ Իհարկե, Մայր Աթոռին հավատարիմ հոգեւոր դասը կարծում է, որ դրանք արդարացում չեն, ի վերջո, եթե անգամ այդ մեղադրանքների մի մասն իրական է, ապա չի կարելի ենթարկվել շանտաժի, ինչպես չեն ենթարկվում Վեհափառն ու Արշակ սրբազանը, էլի շատ ու շատ հոգեւորականներ։ Այդուհանդերձ, մինչ օրս անհայտ է, թե ինչով են ծնկի բերել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Ի տարբերություն մյուս հոգեւորականների, նրա մասին որեւէ ինֆորմացիոն արտահոսք առայսօր չի եղել, ուստի նրան ճանաչողները տարակուսած են։
Մեզ պատմել են, որ հոգեւոր առաջնորդն իրականում չնչին գրոշներով վաճառված միակ հոգեւորականն է այդ շարքում, որի դեմ առանձնապես ո՛չ սեռական, ո՛չ նմանատիպ կոմպրոմատ չի դրվել։ Մինչեւ Արցախի թեմի առաջնորդ նշանակվելը՝ 2021 թվականի հունվարի 21-ը, Վրթանես եպիսկոպոսը եղել է զինված ուժերի հոգեւոր առաջնորդը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2007 թ. հոկտեմբերի 1-ին եւ իր գործունեության ընթացքում ի պաշտոնե բնակարան է ստացել զինված ուժերից։ Թե որ թվականներին, մեզ չհաջողվեց ճշտել։ Եկեղեցաքանդ արշավի ընթացքում Արցախի թեմի առաջնորդին սպառնացել են, որ կզրկեն այդ բնակարանից, իբր ինչ-ինչ թղթաբանական թերություններ են ներկայացրել, որ բնակարանն իրեն չի էլ պատկանում, թեմի առաջնորդն էլ ընդունել է Փաշինյանի «կրոնը», որ կացարանից չզրկվի։
Սակայն երեկ մեզ ասացին, որ արդեն քանի օր է՝ Վրթանես եպիսկոպոսն ընդհատակ է անցել, ընկճված է, որեւէ մեկի հետ չի շփվում, չի պատասխանում զանգերին։ Ողջ արցախահայությունը եւ մեծ թվով մարդիկ նրան անարգանքի սյունին գամեցին, սակայն, ասում են, հատկապես ազդվել է քրոջ ամոթանքից, որի որդին 44-օրյա պատերազմում զոհվել է։ Մեզ պատմեցին նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը, երբ թեմի հոգաբարձուների խորհրդի անդամները գնացել են առաջնորդարան՝ թեմի առաջնորդից հաշիվ պահանջելու եւ նիստ գումարելու, որ դիմեն Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին առաջնորդությունից զրկելու համար, նա սկսել է գոռգոռալ, թե՝ նիստ անելու իրավունք չունեք, ես եմ նիստ գումարողը, բայց երբ արժանացել է ատենակալների քամահրանքին ու դիմադրությանը, հանձնվել է՝ թողել հեռացել։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի թեմական խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով իր խոր անհանգստությունն ու մտահոգությունը․ «Բազմաթիվ արցախցիների մոտ այս քայլն առաջացրել է զայրույթ, վրդովմունք եւ անվստահություն, ինչը մենք լիովին հասկանալի ենք համարում։ Այս կապակցությամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել եւ դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»։
Մենք տեղեկացանք, որ խորհուրդը դիմել է Մայր Աթոռ եւ ակնկալում է, որ դեկտեմբերի 10-12-ը սպասվող Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ գահընկեց, անգամ կարգալույծ կանեն Արցախի թեմի առաջնորդին։ Ի դեպ, Արցախի հոգեւոր թեմում եպիսկոպոսի կոչում ունեցող այլ հոգեւորական չկա, եթե գահընկեց անեն Վրթանես եպիսկոպոսին, ապա տեղապահ պետք է նշանակվի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

























































































