Նախորդ շաբաթ ռուսաստանյան հանրությանը կողք կողքի ներկայացավ Պուտին-Մեդվեդեւ զույգը` հաջորդ 5-10 տարիների համար ռուսաստանցիների քվեն ստանալու ակնկալիքով: Թե ինչ «երեսով», վկայում են ինչպես զանգվածային բողոքի ցույցերն ու երկրի քաղաքական ընդդիմության ձերբակալությունները, այնպես էլ «Եդինայա Ռոսիա»-ի պաշտոնապես նվազած վարկանիշը: Այնուամենայնիվ, կասկածից վեր էր, որ նույնիսկ Ռուսաստանի նման, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական երկրի նախագահ-վարչապետ զույգն իր հասարակությանը ներկայանալու բարոյական իրավունք ուներ, քանի որ կարողացավ փաստարկված պատասխանել «ի՞նչ է արվել» հարցին:
Այն է` նախագահ Ելցինից հետո Ռուսաստանի նման հսկայական երկրում 8 անգամ բարձրացվել են աշխատավարձերը, հիմնականում փակվել են փարիզյան եւ լոնդոնյան ակումբների պարտքերը, իսկ նախագահ Ելցինի օրոք գրեթե ինքնիշխան տարածքների վերածված հանրապետությունները «հավաքված» են ՌԴ կազմում: Այսինքն` լուծվել են երկրի տնտեսության եւ ազգային անվտանգության համար երկու կարեւորագույն հարցեր` անկախ նրանից, թե դրանք որքանով են Ռուսաստանի հավերժական մեծապետական նկրտումների «ծիրում»:
Վերջին օրերին Հայաստանի կառավարության ներկայացրած 2012-ի պետական բյուջեի ընդունման առիթով շատ է խոսվել 2007-2012-ի կառավարության «ձեռբերումների», խթանման ու արտահանման ծրագրերի մասին, որոնք Հայաստանի իշխող կուսակցության 2007 թվականի «երկրորդ փուլի նշանաբանում» ձեւակերպված են «Հզոր պետություն, բարեկեցիկ ժողովուրդ, արժանապատիվ քաղաքացի» բառակույտում: Օրերս անցկացված ՀՀԿ տնտեսական կոնֆերանսում ընդունված բանաձեւում պատվիրակները դրական գնահատեցին կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: «Մեր հաջորդ հանդիպումն արդեն միտված է լինելու դեպի ապագա»,-կառավարության ոչ ադեկվատ ընկալումների, մեր կարծիքով` ախտանիշն ամփոփվեց իրոք «հոգեմետ» նախադասությամբ: Այն հնչեց վարչապետի շուրթերից, ում իրոք միակ ձեռբերումն ընդդիմության հավաքական գնահատականով` երկրից մարդկանց ու կապիտալի արտահանումն է: Չհաշված Չինաստանի հետ համագործակցության խորացումը, քանի որ հիմա մոդա է գործարարների եւ քաղաքական գործիչների` այս ուղղությամբ գնալ-գալը:
Մազոխիստի տպավորություն չթողնելու համար այս անգամ կենտրոնանում ենք ոչ թե իշխող կուսակցության տնտեսական, այլ «քաղաքական համակարգ» եւ «մարդու իրավունքներ» բաժնում խոստացվածի վրա:
Առանձնացնում ենք ՀՀԿ-ի 2007 թվականի նախընտրական ծրագրի` ուշադրության արժանի կետերը. «Իրական քաղաքական մրցակցություն ապահովող լիարժեք բազմակուսակցական համակարգի կայացում` որպես… հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման»:
2008-2011թթ. Հայաստանում կար շուրջ 150 քաղբանտարկյալ, որոնց ազատազրկումների հանրագումարը կազմում է 150 եւ ավելի տարի:
Այս մասին ԵԽԽՎ բազմաթիվ բանաձեւերից (ներառյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ELDEP-ի համագումարն ու տարբեր վեհաժողովների զեկույցները) 1609 բանաձեւի 12.2 կետում արդեն ուղղակիորեն նշված է. «Այն անձինք, որոնք կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն, կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»: Նման շեշտադրումներ կան նաեւ 1677 բանաձեւի 4 կետում:
2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ: ԱՄՆ Պետդեպը «արատավոր», «խոտանված է համարում» նախագահական ընտրությունները: Ի լրացում` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ եզրակացությունները, որոնք, սկզբում շատ ավելի կոշտ լինելով, վերջնական տեսքում նկատելիորեն մեղմացել էին: Ի դեպ, այս մասին կա Փենինգթոնի գաղտնազերծումը, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հակված է եղել ընտրությունները որակել որպես «Ժողովրդավարական չափանիշներին մասնակի համապատասխանող», սակայն ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ փոխել է գնահատականը:
2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագիր, որով կոալիցիոն 3 կուսակցություններն էն «գլխից» առաջիկա 5 տարիների կտրվածքով վերցրին իշխանությունը` «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի` դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»: Ի դեպ, ԲՀԿ-ի պարտադրված ստորագրումը եւս վերը նշված համատեքստում է:
2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր. նույն գործընթացը շարունակվում է` այս անգամ մեկ ցուցակով գնալու համար:
Առանձնացնում ենք ծրագրի մյուս կետը. «Պետական կառավարման համակարգի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնում»:
2011 թվականի գարուն եւ աշուն. նախ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում աշխատանքից սեփական դիմումների համաձայն կամ ազատման հրամանագրերով ազատվում են շուրջ մեկ տասնյակ փոխնախարարներ (որոնց մի մասը հետագայում բարեհաջող նշանակվում է այլ պաշտոնների), ապա սկսվում է «ինքնաբուխ» հրաժարականների եւ ինչու ոչ` պաշտոնանկությունների շարքը: Թե ինչ է բացատրում Սերժ Սարգսյանը կուսակիցներին ու աշխատանքից ազատվողներին, հասարակությունը կցկտուր տեղեկանում է մամուլի շնորհիվ: Սակայն ոչ մի պաշտոնական բացատրություն չի տրվում, թե ինչու տվյալ անձը նշանակվեց կամ ազատվեց:
Եւ վերջապես` «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության իրացման ապահովում»: Անշուշտ, այս կետում նկատվում է «առաջընթաց», որովհետեւ Ստրասբուրգի դատարանը լիքն է Հայաստանի դեմ գանգատներով:
Ու այս իրավիճակում ՀՀԿ-ն ջանում է մեծամասնություն ստանալ մայիսին: Իսկ ի՞նչ երեսով:
ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՁԳՏՈՒՄ` Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ