«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության՝ իրական թե ֆիկտիվ լինելու եւ այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ զրուցել է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գեւորգ Պետրոսյանի հետ:
Հարցազրույցի շարունակությունը օրաթերթի վաղվա՝ 3199 համարում (03.12.2025):
-Պարո՛ն Պետրոսյան, Խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրվել է Վաշինգտոնում: Վաշինգտոնյան բանակցությունից հետո նկատում ենք, որ գործող իշխանությունը առավել շատ է սկսել խոսել խաղաղության մասին, մեջբերում է այն անընդհատ, եւ նկատում ենք, որ Բաքվից են փորձագետներ գալիս Երեւան, Երեւանից են գնում Բաքու: Փորձում են ինչ-որ բարելավումներ անել: Կարո՞ղ ենք ասել, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես Փաշինյանն է ասում «միս ու արյուն է ստանում», թե՞ սա քաղաքական ենթատեքստեր է պարունակում, ի՞նչ եք կարծում:
-Ես ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական տեսանկյունից կգնահատեմ: Բաներ կան, որ մի քանի անգամ է պետք ասել, որովհետեւ պետք է այն ճիշտ տեղ հասցնել ժողովրդին: Ոչ մի խաղաղություն էլ չկա: Սկսենք նրանից, որ դա ոչ թե Խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել, այլ համաձայնագրի: Այսինքն՝ համաձայնագիր է նախաստորագրվել, բայց սա, իմ խորին համոզմամբ, նախընտրական քարոզարշավ է, ոչ մի խաղաղություն չկա: Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ խաղաղություն չի կարող լինել երկու սուբյեկտների միջեւ, որոնցից մեկը մյուսի երեխային գերի է պահում: Դա է կարեւորագույն չափանիշը: Եթե կա գերիների հարց, ուրեմն չկա խաղաղություն. խաղաղություն կոչվածի կարեւոր նախապայմանը դա է: Հասկանալի է՝ ինչ եմ խոսում:
-Հարկ է հիշել, որ գերիների հարցը Վաշինգտոնում չքննարկվեց էլ:
-Այո, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում: Նրան միայն հետաքրքրում է իր պաշտոնը պահելու հարցը: Իր այս պաշտոնավարման տարիների ընթացքում նա թույլ է տվել քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործություններ՝ պետական դավաճանություն, սահմանադրական կարգի տապալում, տարածքների ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ: Ինչ-որ ասացի՝ քրեական օրենսգրքի 418, 420, 421 հոդվածներում է առկա: 418 հոդվածը՝ պետական դավաճանություն, նախատեսում է որպես պատիժ ազատազրկում՝ 15-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում: Սակայն նա այդ ամենը գիտակցելով՝ գնալու է ընդհուպ հեռավոր ազգականներին «աճուրդի հանելուն», միայն թե պաշտոնը պահի: Սա է ամբողջ խնդիրը:
Հաջորդ տարի համապետական ընտրությունների տարի է, նա ամեն ինչ անում է՝ ստեղծելու տպավորություն, թե ինքը այն միակ հանճարեղ ղեկավարն է, որ կարողացավ ապահովել խաղաղություն, բայց իրականում չկա խաղաղություն: Մյուս երկրի ղեկավարը (Իլհամ Ալիեւը – խմբ.) ասում է՝ Սեւանա լիճը ոչ թե Սեւան է, այլ Գյոյչա: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հավակնություն ունի Սեւանի նկատմամբ: Ես ինչպե՞ս կարող եմ թույլ տալ՝ ասելու, թե «իքս» մարդու անունը «իգրեկ» է. հիմա Ալիեւի ասածը դա է:
-Ի դեպ, Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունով լրագրողը եւս Սեւանա լճի ֆոնին ասում է, թե սա իրենց պատմական հողն է, պատմական տարածքը, եւ որ լճի անունը Գյոյչա է:
-Ադրբեջանցիները նույնիսկ ազատ տեղաշարժվում են Երեւանում: Ո՞ւր է նայում մեր ազգային անվտանգության ծառայությունը:
Ես լիահույս եմ, որ ժողովուրդը ի վերջո կհասկանա, որ ոչ մի խաղաղություն չկա: Թուրքը (ադրբեջանցիները – խմբ.) իր բանակը հզորացնում է, զորավարժություններ անում: Իսկ Նիկոլ Փաշինյանը իր բանակի թիվն է կրճատում, բյուջեն ավելացնում, որտեղ, ի դեպ, ոչ միայն տրամաբանություն չկա, այլեւ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ



















































































