Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կաշառքի քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Ղուկասյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր ինքնակամ շինությունը օրինականացնելու համար պահանջել են 4 միլիոն դրամ կաշառք։
Կոմիտեն նաեւ հրապարակել է ձայնագրություններ, որոնցում, ենթադրաբար, լսվում է քաղաքապետի եւ նրա ենթակայի խոսակցությունը այս թեմայի շուրջ։ Վարդան Ղուկասյանը հրաժարվում է մեղադրանքից, իսկ նրա պաշտպանյալները հայտարարում են, որ գործը քաղաքական հետապնդում է։ Կաշառք ստանալու մեղադրանքով Գյումրու քաղաքապետը կալանավորվել է երկու ամսով, իսկ նրա պաշտոնավարումը կասեցվել է։
Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում Վարդան Ղուկասյանին երեք մեղադրանք է առաջադրվել։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող քաղաքապետը նաեւ պատասխանատվության է ենթարկվել Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեղադրանքով։
Դրան գումարած, նոյեմբերի 20-ին, տնային կալանքի տակ գտնվող նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, խուլիգանության գործով տեղափոխվել է Երեւան՝ ՀՀ Քննչական կոմիտե։ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Փաստաբանը հայտնել է, որ ըստ նախաքննական մարմնի՝ Սպարտակ Ղուկասյանը, իբր, խուլիգանություն է կատարել. լրատվամիջոցներով տարածված խոսակցություններում նրան վերագրվում է խմբային խուլիգանություն, որն իրականացվել է զանգվածային լրատվամիջոցների միջոցով։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ խուլիգանության գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում Սպարտակ Ղուկասյանի եւ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Գործի շրջանակում Վարդան Ղուկասյանին առաջադրվել է 3-րդ մեղադրանքը։
Այս պահին Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված է չորս քրեական գործ, եւ նա գտնվում է մեղադրյալի կարգավիճակում չորս քրեական վարույթով։ Նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նույնպես հարուցվել է երեք քրեական գործ, նա նույնպես երեք վարույթներով մեղադրյալի կարգավիճակում է։
Հայր ու որդի ներկայումս կալանավորված են։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































