«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» խորագրով երեւանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը:
Բացման խոսքով հանդես են եկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը եւ տեսաուղերձով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է. «… Քսան տարի առաջ միջազգային հանրության ամուր կամքի շնորհիվ ընդունված այս կարեւոր փաստաթուղթը ճանաչում է մշակույթը որպես ինքնության, արժանապատվության եւ ստեղծարարության անկյունաքար: Այսօր՝ ընդունումից երկու տասնամյակ անց, կոնվենցիան ավելի քան արդիական է գլոբալացվող, թվայնացվող եւ մարտահրավերներով լի աշխարհում»։
Փոխնախարարը հավելել է, որ կոնվենցիայի 20-ամյակը նախեւառաջ առիթ է վերաիմաստավորելու այս կարեւորագույն փաստաթղթի խորհուրդը եւ վերահաստատելու մեր հանձնառությունը դրա լիարժեք կյանքի կոչման հարցում։ Այդ ճանապարհին հարկ է չմոռանալ, որ մշակութային բազմազանությունը խաղաղության, սոցիալական համախմբվածության եւ կայուն զարգացման հենասյուներից մեկն է։ Համատեղ ջանքեր են անհրաժեշտ երաշխավորելու մշակույթի մասնագետների, հատկապես կանանց, երիտասարդների եւ բնիկ ստեղծագործողների հասանելիությունն արդար աշխատանքային պայմաններին եւ ֆինանսավորմանը: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է գտնվի մշակութային դրսեւորումների թվային բազմազանությունը՝ ապահովելով առցանց հարթակներում բոլորի ինքնարտահայտման իրավունքն ու հնարավորությունը:
Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը Կոնվենցիայի տառին ու ոգուն, եւ կայացած միջոցառումը դրա հերթական դրսեւորումներից մեկն է։ «Մենք շարունակելու ենք առաջ մղել մշակութային բազմազանության օրակարգն ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, այնպես էլ՝ այլ միջազգային եւ բազմակողմ հարթակներում։ Նշված հանձնառության շրջանակում երկու տարի անց Երեւանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը՝ մշակութային բազմազանության արժեքների ներքո միավորելով ֆրանկոֆոն երիտասարդությանը», – նշել է փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Ն. ԱՂԱՍՅԱՆ























