Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Գրիգորյանը նշել է Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIPP, մենք խոսում ենք այս եզրույթի մասին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIPP-ը մեծ հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև բիզնեսների ու երկրների համար, որոնք գտնվում են տարածաշրջանից դուրս»,- ասել է Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ կարևոր է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը տրանսպորտային հաղորդակցության և կապակցվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ այս կոնտեքստում Ադրբեջանում կիրառում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Շարունակելով միտքը՝ Հաջիևը շեշտել էր՝ Ադրբեջանում գիտեն, որ այս հարցում հայկական կողմն այլ մոտեցում ունի՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև միակ խնդիրը կլինի տերմինոլոգիան։

























































































